Վերաքննիչ դատարանը երեկ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացրել «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանքը։
Այլ խափանման միջոց Հայաստանից բացակայող Հարությունյանի նկատմամբ չի ընտրվել։
Թե ինչ հիմքով է Վերաքննիչ դատարանը նման որոշում կայացրել, Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը տեղյակ չէ։
«Ազատության» հետ զրույցում Պողոսյանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չի վերցրել՝ հավելելով․ - «Դատարանի կողմից ընտրվել էր խափանման միջոց՝ կալանավորում: Վերաքննիչ դատարանի որոշմամբ դատարանի ակտը բեկանվել է և վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառման մասին որոշումը»:
Նոյեմբերի 2-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունն ու կալանավորել Վահագն Հարությունյանին։
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը, ըստ Հատուկ քննչական ծառայության, մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Հարությունյանը դեռ գտնվում է Ռուսաստանում՝ բուժման նպատակով։ Վերաքննիչ դատարանի որոշումը նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը Հայաստան ժամանելիս չի կալանավորվի․ - «Ուղղակի խնդիրն այն է, որ Վահագն Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելը որևէ կերպ պայմանավորված չի եղել խափանման միջոցով: Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառը եղել է վերջինիս առողջական վիճակը: Առողջական վիճակը կարգավորվելու պարագայում, ցանկացած խափանման միջոցի պարագայում ինքը Հայաստանի Հանրապետությունից թաքնվելու որևէ ցանկություն, միտում, պատճառ չունի»:
Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայության կողմից որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո Ռուսաստանում գտնվող Հարությունյանը զանգահարել էր «Ազատությանը» և հայտնել, թե ինքը հուլիսից գտնվում է Մոսկվայում՝ սիրտանոթային խնդիրները բուժելու նպատակով։ Քննչական խմբի նախկին ղեկավարը պնդել էր, թե մեղադրանքն ուղղորդված է, հրաժարվելով նշել, թե ում կողմից, միևնույն ժամանակ պնդել էր՝ մեղադրանքը շինծու և ապօրինի է:
Ըստ ՀՔԾ-ի, Մարտի 1-ի գործով ապացույցները կեղծելու նպատակով դեռևս 2008-ին ոստիկանության զորքերը Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են Հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինս հենց Վահագն Հարությունյանի անմիջական ցուցումներով փոփոխել է պարկուճները և կազմել կեղծ արձանագրություն։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: