Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են պաշտոնանկության մասին լուրերը


Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ քանի դեռ չկան պաշտոնական տեղեկություններ պաշտոնանկությունների մասին, ապա պետք չէ ավելորդ լարվածություն ստեղծել։

Նա այդպես էլ չհստակեցրեց, նման պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, թե՞՝ ոչ։

«Ազատություն». - Պարոն Բաբայան, ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, իսկապե՞ս մի շարք զինվորականներ ազատվել են աշխատանքից, մասնավորապես, խոսքը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է։

Բաբայան. - Որպեսզի ընդհանրապես չլինեն այդպիսի շահարկումներ և այլն, պետք է հետևել պաշտոնական լրահոսին, եթե այդպիսի փոփոխություններ լինում են, անմիջապես նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տարածում է նման տեղեկություն։ Պետք է հետևել տեղեկությանը, եթե տեղեկությունը լինում է, ապա անմիջապես սփռվում է, և բոլոր լրատվամիջոցներն անմիջապես ծանոթանում են այդ տեղեկության հետ։ Եթե չկա, իզուր չշահարկենք և արհեստականորեն լարվածություն չստեղծենք։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։

Բաբայան. - Պետք է հետևել լրահոսին, չկա տեղեկություն, ուրեմն իզուր չխոսենք, իզուր աժիոտաժ չստեղծենք։

«Ազատություն». - Բայց ի վերջո, եթե մամուլն այդ մասին գրո՞ւմ է։

Բաբայան. - Մամուլը կարող է գրել, մամուլն ազատ է, մամուլը չորրորդ իշխանություն է, բայց կրկնում եմ՝ հետևել պետք է պաշտոնական լրահոսին։

«Ազատություն». - Պարոն Բաբայան, իսկ այս հնարավոր փոփոխությունները կապ ունե՞ն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ՝ ի պատասխան Ղարաբաղից հնչած հայտարարություններին Սասուն Միքայելյանի գնահատականին։

Բաբայան. - Կրկնությունը երևի ուսման մայրն է։

«Ազատություն». - Բայց Դուք, որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հնարավոր համարո՞ւմ եք նման առանցքային պաշտոններում փոփոխություններ։

Բաբայան. - Եթե լինի այդպիսի փոփոխություն, մենք կտարածենք։

«Ազատություն». - Եթե այս առանցքային պաշտոններում փոփոխություններ լինեն՝ Լևոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի, Դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ կապված մենք խնդիրներ կունենանք՝ հաշվի առնելով, որ այս անձինք հենց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության գործում առանցքային դերակատարում ունեն։

Բաբայան. - Գիտեք, ընդհանուր առմամբ, մարդու հայրենասիրությունը չի չափվում նրա պաշտոնով, սա էլ մենք պետք է միշտ հաշվի առնենք։

Նշենք, որ ըստ հայստանյան մամուլի, իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և Ղարաբաղի նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։

Հիշեցնենք՝ այս պաշտոնյաները բավական սուր էին արձագանքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե «հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը բավական սուր էր հակադարձել՝ հրապարակավ հորդորելով Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG