Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կքննի Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը


Արմեն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Արմեն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Դատարանն այսօր քննելու է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով:

ՀՔԾ-ն մեղադրանքները ներկայացրել էր դեկտեմբերի 11-ին։ Երեկ դատարանը պետք է քններ նրա կալանավորման հարցը, սակայն այն հետաձգվեց պաշտպանական կողմի խնդրանքով՝ կալանավորման հիմքերին ծանոթանալու համար։

Եթե դատարանն այսօր բավարարի ՀՔԾ միջնորդությունն, ապա Գևորգյանը հենց դատարանում էլ կկալանավորվի:

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Տվյալ դեպքում, ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG