Մատչելիության հղումներ

Նոր Գեղի համայնքում բնակիչները պահանջում են գյուղապետի պաշտոնակատարի և Կոտայքի մարզպետի հրաժարականը


Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչներն այսօր ճանապարհ էին փակել, պահանջում էին գյուղապետի պաշտոնակատարի և մարզպետի հրաժարականը:

Նոր Գեղին այն համայնքն է, որն անկախությունից ի վեր մեկ գյուղապետ է ունեցել՝ Ֆրոնտիկ Թևոսյանը: Իսկ Ֆրոնտիկ Թևոսյանն այն գյուղապետն է, որի անունն է կրում գյուղի գլխավոր փողոցը:

Ճանապարհ փակած քաղաքացիները, սակայն հերքում են նախկին գյուղապետի առնչությունն այս նոր պատմությանը:

«Էդ մարդը համայնքի համար ինչ հնարավոր ա եղել, արել ա: Էդ մարդը ոչ մի բանի հետ կապ չունի», - ասաց Թևոսյանի կողմնակիցներից մեկը:

Քաղաքացիները նաև մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հրաժարականն են պահանջում, քանի որ կարծում են՝ խաբել է իրենց: Ասում են՝ հավատացրել էր, թե ընտրողների մեծամասնության համաձայնության դեպքում գյուղապետի պաշտոնակատարին կհեռացնի: Իրենցից պահանջվածն արել են՝ ապարդյուն: Ստիպված են ճանապարհ փակել․ - «Մենք ինչ ճանապարհ, որ ընտրել էինք՝ ստորագրություն, էս, էն․․․ ոչ մի տարբերակը չի հասել ավարտին»:

Գյուղապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վարդան Պապյանը հակադարձում է՝ ստուգել է ու պարզել, որ ստորագրություններն իրական չեն եղել․ - «Բազմաթիվ կեղծ ստորագրություններ, բազմաթիվ ստորագրողներ, որոնք էստեղ չեն եղել: Իրանք նախկին գյուղապետի բարեկամներն են»:

Ի դեպ, Վարդան Պապյանն աշխատանքային ժամին տանն էր: Մի քանի օր է արդեն գյուղապետարան չի գնում, տան առջև էլ ոստիկանության երկու աշխատակից հերթապահություն է իրականացնում: Պաշտոնակատարը պարզաբանեց՝ դեկտեմբերի 9-ին գյուղում տեղի ունեցած դանակարահությունից հետո իր և ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչում:

Դեկտեմբերի 9-ի երեկոյան, Նոր Գեղիում դանակահարություն է եղել, կա չորս վիրավոր: Թեև գյուղապետի պաշտոնակատարը միջադեպին ներկա չի եղել, սակայն կատարվածում ցուցարարները նրան են մեղադրում:

Գյուղապետի պաշտոնակատարը չի հերքում, որ դանակահարողին ճանաչում է, սակայն հավաստիացնում է՝ ինքը որևէ առնչություն չունի կատարվածին․ - «Ինչ-որ մարդիկ կան, ուժեր կան, որ էդ դանակահարությունը, որը կենցաղային վեճի պայմաններում ա առաջացել, ուզում են էդ վերքը բերել, կապել իմ հրաժարականի հետ: Որտեղ ես ընդհանրապես մասնակցություն չեմ ունեցել, կապ չեմ ունեցել»:

Վարդան Պապյանը Նոր Գեղիում իրավիճակի սրումը կապում է այն փաստի հետ, որ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր որպես ԲՀԿ ռեյտինգային թեկնածու ու պարտվել:

Ցուցարարները կասկածներ ունեն, որ գյուղապետի պաշտոնակատարն ուղղորդել է ընտրողներին:

Վարդան Պապյանը նույն մեղադրանքը հնչեցնում է նախկին գյուղապետի կողմնակիցների հասցեին:

Նոր Գեղիում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նշանակվել է փետրվարի 17-ին: Պապյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը, իսկ մինչև ընտրությունը պաշտոնը թողնել չի պատրաստվում․ - «Եթե, ենթադրենք, ինձ հանեցին, դրեցին մեկ ուրիշ պաշտոնակատարի, ևս 40 հոգի հավաքվեցին․․․ ու էդպես անընդհատ 40-40 հոգի․․․ ի՞նչ պիտի փոխվի այս գյուղում: Ես հակաօրինական ոչինչ չեմ արել, և իրենք կոնկրետ խանգարում են օրենքի գերակայությանը մեր գյուղում»:

Ավելի վաղ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Նոր Գեղիի նախկին գյուղապետի օրոք բազմաթիվ չարաշահումներ են եղել, որոնք ուսումնասիրման փուլում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG