Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել էր իրագործել քարոզարշավի ժամանակ տված խոստումն ու ընտրություններից հետո այցելեց շուրջ տասն օր դասադուլ հայտարարած Չարենցավանի թիվ 3 դպրոց:
Այս դպրոցի մի խումբ ուսուցիչներ ու ծնողներ դժգոհ են տնօրենի ընտրության արդյունքից և պահանջում են, որ դպրոցի խորհրդի կողմից չընտրված նախկին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը, շարունակի պաշտոնավարել:
«Ընտրությունը եղել է ուղղորդված։ Մարզպետարանից եկած խումբը համայնքից անտեղյակ ա եղել, այդ եկած մարդիկ ուղղորդված են եղել մարզպետի կողմից», ֊ պնդում էին ծնողները։
Մինչ բակում բոլորը սպասում էին վարչապետի ժամանելուն, խոսեցինք նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ում ծնողները մեղադրում են ընտրությունն ուղղորդելու մեջ:
«Դա ստոր զրպարտանք է, տեղեկագրերը բոլորը մոտս են, օրենքի տառին համապատասխան գործընթացը մեկնարկել է, հաջորդ քայլը, որպեսզի չեղարկվեն ընտրության արդյունքները՝ միակ քայլը՝ դատական ատյանն է, ինչը որ մենք հորդորել ենք», ֊ հայտարարեց մարզպետը։
Շուրջ 10 օր երեխաներին դպրոց չուղարկող ծնողների բարձրացրած խնդրին ծանոթ է նաև Կրթության և գիտության նախարարությունը: Նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը, որը պարտվել է ընտրություններում, դրա արդյունքները բողոքարկել էր ԿԳՆ֊ում, բայց ընթացակարգային խախտումներ չեն արձանագրվել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. ֊ «Պարզապես տեղի հանրությունը փորձում է օգտվել այդ հեղափոխական տրամադրություններից, և հետհեղափոխական աֆտերշոկերից մեկն է սա, որը կանցնենք»։
Վարչապետ Փաշինյանը շուրջ 1 ժամ լսեց նախկին ու ներկա տնօրեններին, ծնողներին, ուսուցիչներին, շնորհակալություն հայտնեց նախկին տնօրենին ու հորդորեց նրան դիմել դատարան, եթե կարծում է, որ իր իրավունքները խախտվել են:
Տնօրենն ընտրվում է 8 հոգուց բաղկացած խորհրդի անդամների կողմից, որոնցից 2-ին նոր մարզպետն է նշանակել, 2-ը ծնող են, մնացած 4-ը հին կազմից են:
Ներկա ու նախկին տնօրենների, ուսուցիչների ու խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում հնչեցին ճնշումների մասին հայտարարություններ, վարչապետն էլ հորդորեց իրավապահներին զբաղվել դրանցով: Իսկ արդեն դրսում իրեն սպասող ծնողներին ու աշակերտներին դիմելով՝ վարչապետն ասաց՝ ինքը տնօրեն նշանակող չէ, չի կարող օրենքը խախտել: Ասաց՝ ընտրված տնօրենն այսօր կնշանակվի իր պաշտոնին:
«Դպրոցի տնօրենի ընտրությունը եղել է օրինական։ Կներեք», ֊ հայտարարեց Փաշինյանը. ֊ «Խնդրում եմ, վաղը կգաք նորմալ դասի։ Խնդրում եմ որևէ մեկը փորձ չանի ապօրինի ձևով դպրոցի աշխատանքները խոչընդոտել»։
Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո 13 ուսուցիչ աշխատանքից հեռացման դիմում գրեցին, մի խումբ ծնողներ ասացին, որ իրենց երեխաներին այլ դպրոց կտեղափոխեն: