Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած, 2008 թվականի մարտի 1-ի զարգացումների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար հանդիսացած Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ՀԾՔ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Այս պահին դատարանը քննում է ՀՔԾ միջնորդությունը։ Նիստից մանրամասներ ՀՔԾ-ն դեռ չի հաղորդում։
Նշենք, որ օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։
Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: