Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների


«Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի համոզմամբ, նոր խորհրդարանն ի վիճակի չի լինելու «իր ամբողջ կյանքի ցիկլը սպառել»։

«Ազատություն». - Ո՞վ է ստիպելու խորհրդարանին, որը նոր ընտրված է, գնալ արտահերթ ընտրությունների։

Վարուժան Ավետիսյան. - Կյանքը։ Չի համապատասխանելու մարտահրավերներին, չի համապատասխանելու պրոբլեմներին, չի կարողանալու լուծել այդ պրոբլեմները, խրվելու է, ճահիճ է լինելու։ Ուրիշ ճահիճ է ձևավորվելու, որովհետև իմունիտետ չունի այդ համակարգը, առանց իմունիտետի շուտ կհիվանդանա։ Արդեն հիվանդ է։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք կանխատեսում եք, որ փողոցային պայքարներ կարող են լինել առաջիկայում։

Ավետիսյան. - Ես չեմ կարող ասել փողոցային կլինի, թե՝ ոչ, ավելի հավանական եմ համարում, սա զուտ իմ տեսակետն եմ ասում, որ կառաջանա հասարակական կարծիքի այնպիսի վիճակ, որ բոլորը, կամ գրեթե բոլորը, այսինքն՝ այնպիսի որակական վիճակ կառաջանա քաղաքական դաշտում, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ արդեն վիճակ կձևավորվի, որ այսպես չենք կարող շարունակել, եկեք նոր...

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ Փաշինյանը կհամաձայնի՞ դրան, որովհետև մենք հիշում ենք՝ նա բավական կոշտ հակադարձեց ձեր այս մոտեցմանը։

Ավետիսյան. - Ես համոզված եմ, որ պարոն Փաշինյանը հեռատես, ողջամիտ գործիչ է, և երբ իրավիճակը հասունանա, ինքը կգնա այդ լուծմանը, դա միայն կնպաստի իր վարկանիշը պահպանելուն, և հետագայում ևս կարող է դառնալ մի հենարան՝ իր քաղաքական բարձր կարգավիճակը պահելու համար։

«Ազատություն». - Իսկ եթե չգնա՞ց մեկուկես տարի հետո արտահերթ ընտրությունների։

Ավետիսյան. - Անկախ դրանից՝ դա կլինի պարոն Փաշինյանը, թե ես, թե որևէ մեկը, եթե որոշում կայացնելու իրավունք ունեցող մարդն անհրաժեշտ պահին ճիշտ որոշում չի կայացնում, ապա համակարգն անցնում է բիֆուրկացիոն կետը, և տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ։ Սա կառավարման օրենք է, և ոչ ոք չի կարող դա ժխտել։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսօրվանից «Սասնա ծռեր»-ը պատրաստվում է արտահերթ ընտրություններին, ավելին՝ պնդում է, որ դրանք տեղի կունենան մեկուկես տարի հետո։

Ավետիսյան. - Մենք համոզված ենք, որ խորհրդարանը չի կարող լինել, եթե ավելի փորձենք ամփոփ և մի քիչ հետագայում մեզ ավելի պատասխանատու լինելու առումով եզրակացություն անել, որ այս խորհրդարանը չի ունենա հինգ տարվա կյանք։ Ժամկետի առումով մեկուկես, թե երկու տարի կլինի, էդ կյանքը ցույց կտա, որովհետև կարող են առաջանալ դրական կամ բացասական այս երևույթին նպաստող, կամ աննպաստ գործոններ, որոնք մի քիչ կարող են կարճացնել կամ երկարացնել դրա կյանքը, բայց որ էս խորհրդարանն ի վիճակի չի լինելու իր ամբողջ կյանքի ցիկլը սպառել, սա մեզ համար ակնհայտ է։ Ոչ թե մեր կուսակցությունը պատրաստվում է միայն այդ ընտրություններին և մենք դրա համար ենք ապրում, ո՛չ, այդպես չէ, դա հասկանալի է, որ պետք է դրան պատրաստ լինենք և մյուսներին էլ ենք հորդորում, որ նկատի ունենան դա, և որ քաղաքական համակարգն անակնկալի չգա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG