Մատչելիության հղումներ

Տնտեսական և սոցիալական խնդիրներին մենք շտապ կարձագանքենք հարկերը կրճատելու միջոցով, Էմանյուել Մակրոն


Մի քանի շաբաթվա բողոքի լայնածավալ ակցիաներից հետո, որոնք ասես ցնցեցին Ֆրանսիան, երկրի նախագահ Էմանյուել Մակրոնը երկուշաբթի երկոյան հանդես եկավ հեռուստաուղերձով՝ հայտարարելով որոշ զիջումների մասին:

Նա խոստացավ գալիք հունվարից՝ 2019-ին, նվազագույն աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով, նվազեցնել թոշակառուների և անապահով խավի հարկերը: Միաժամանակ, նա ասաց, որ տնտեսական քաղաքականության շրջադարձ չի լինի, ինչպես նաև դատապարտեց տեղի ունեցած բռնությունները:

«Տնտեսական և սոցիալական խնդիրներին մենք շտապ կարձագանքենք հարկերը կրճատելու, մեր ծախսերը վերահսկելու միջոցով, բայց շրջադարձ չի լինի», - իր հեռուստաուղերձում ասաց Ֆրանսիայի նախագահը:

Նրա նշեց. «Սա պատմական պահ է մեր երկրի համար և մենք հաջողության կհասնենք երկխոսության ու փոխադարձ հարգանքի միջոցով»:

Մակրոնի խոստումների իրագործումը երկրի գանձարանի վրա միլիարդավոր եվրոներ կնստի: Կառավարության մամուլի խոսնակն այսօր ասել է, թե պետական ծախսերը կավելանան 8-10 միլիարդ եվրոյով: Սակայն դատելով ցուցարարների առաջին արձագանքներից նրանք գոհ չեն: «Դեղին ժիլետներ» անվանումը ստացած ցուցարարները ևս լսել են երկրի նախագահին:

«Ի՞նչ եմ մտածում այդ մասին, առանձնապես ոչինչ: Ես կասեի մի քիչ մշուշոտ է: 100 եվրոն այնքան էլ մեծ գումար չէ, իսկ եթե մենք նահանջենք, դրանից 80 եվրո կմնա, գուցե ավելի քիչ: Մենք այստեղ ութ հոգով լսեցինք նախագահ Մակրոնին ու ոչ մեկի վրա նրա խոսքը տպավորություն չի գործել»,- «Ռոյթերս»-ին ասել է 41 ամյա ակտիվիստ Կարլ Տոկարը, ով Փարիզից հյուսիս, Գայոն քաղաքում՝ ընկերների հետ տանը, դիտել է նախագահի ելույթը:

Ցուցարարների հիմնական պահանջը վառելիքի գների թանկացումը կանխելն է: Նրանց պայքարը հենց դրանից սկսվեց: Մակրոնի կառավարությունը անցած հոկտեմբերին հայտարարեց վառելիքի հարկերը բարձրանցելու մասին, որը կհանգեցնի դիզվառելիքի ու բենզինի գների թանկացմանը:

Կառավարությունը տնտեսակական այդ քաղաքականությունը բացատրում է բնապահպանական խնդիրները լուծելու, օդի աղտոտվածությունը վերահսկելու նպատակով: Սակայն հազարավոր ցուցարարներ դեղին ժիլետներ հագած դուրս եկան Փարիզի ու այլ քաղաքների փողոցներ: Նրանք դիմում են նաև բռնությունների՝ ջարդելով ու հրկիզելով ցուցափեղկեր, ավտոմեքենաներ, նրանց դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում:

Արմատական տրամադրված ցուցարարների խմբերի ու ոստիկանության միջև բախումները շարունակվել են նաև անցած հանգստյան օրերին, գրեթե 2 հազար ցուցարար բերման է ենթարկվել: Էմանույել Մակրոնը նախագահ է ընտրվել հարկային բեռը թեթևացնելու և տնտեսությունը ազատականացնելու խոստումներով, բայց ցուցարարները նրան հիմա մեղադրում են «հարուստների նախագահ» լինելու մեջ, ով քիչ բան է արել աշխատավոր մարդկանց համար:

Մակրոնը չի ընդունել «հարուստների հարկ» սահմանելու ցուցարարների առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG