Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին և Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունների քննությունը հետաձգվեց


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր երկու միջնորդություն երկու աղմկահարույց գործի շրջանակներում:

Մեկը վերաբերում էր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի երկարաձգմանը, մյուսը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելուն:

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղքը: Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ, քննիչը միջնորդել էր 2 ամսով երկարաձգելու Գրիգորյանի կալանքը, իսկ պաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել 62-ամյա գեներալին։

Մկրտչյանն ասում է, որ 20 միլիոն դրամ են առաջարկել, սակայն պատրաստ են ավելին վճարել։

Հարցին, թե որտեղից է վճարելու գրավը, երբ նրա ֆինանսական միջոցները կալանքի տակ են՝ պաշտպանն արձագանքեց․ - «Մանվել Գրիգորյանը ազատամարտի հերոս է, և այդ ճանապարհը անցնելիս ձեռք են բերում ոչ միայն թշնամիներ, կան նաև հարազատներ, ընկերներ, մարտական ընկերներ, որոնք որ իրենց համեստ լուման կունենան»:

Փաստաբանը նաև փոխանցեց, որ Գրիգորյանը ներկա է եղել այսօրը ընդմիջված նիստին, բայց նրա ինքնազգացողոթւոյւն վատացել է, շտապ օգնություն են կանչել․ - «Շաքարի ցուցանիշը քսան ու վեց էր, որևիցե լուրջ միջամտություն շտապօգնության բժշկի կողմից չտեսանք: Ես վատացումը արտառոց չէի համարի, որովհետև մարդը վեց ամիս գտնվել է փակ տարածքում, փակ խցի մեջ, ծանր հիվանդին երկար ժամանակ ռեժիմով դեղը չստանալը, սնունդը չստանալը պետք է բերեր էս վատացմանը»:

Գրիգորյանի կալանքի հարցով որոշումը դատարանը կհրապարակի վաղը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները ևս միջնորդել են պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել:

Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյան․ - «Գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պաշտպանական կողմը․․․ նիստը հետաձգված է: Գումարը գրավի մասով 5 միլիոն դրամից սկսած»:

Հարցին, թե եթե դատարանը գրավով ազատ արձակելու որոշում կայացնի, ինչ միջոցներով է վճարվելու գրավը, պաշտպանը պատասխանեց․ - «Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի բոլոր անդամների դրամական միջոցները և գույքերը էս պահին գտնվում են կալանքի տակ: Այլ խնդիր ա, թե ինչքանով ա օրինական: Բայց ցանկացած դեպքում կարծում եմ, որ կգտնվեն Վաչագան Ղազարյանի ընկերներ, նա ունեցել է լայն շրջապատ, ընկերներ, որոնք կօգնեն, եթե գրավ սահմանվի վճարելու, ոնց որ եղավ նախորդ անգամ: Ես վստահ եմ, որ կան օրենքով սահմանված բոլոր հիմքերը, որ կիրառվի գրավ»:

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող և ամռանը կալանավորված Վաչագան Ղազարյանը մեկ անգամ 1 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվելուց հետո կրկին կալանավորվել էր նոյեմբերի 15-ին՝ Վճռաբեկի որոշմամբ:

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը և նրա կինը կասկածվում են նաև փողերի լվացման մեջ։
Պաշտպանն ասաց, թե այս պահի դրությամբ նրան փողերի լվացման մեղադրանք առաջադրված չէ․ - «Նման կասկածներ չգիտեմ որտեղից, սակայն կարող եմ հստակ նշել, որ քրեական վարույթն իրականացնող կողմի հրապարակային հայտարարությունները ժամանակավրեպ են, չկա էդ մասով որևէ փաստական հանգամանք, որի վրա հիմնվելով կարելի է նման հրապարակային հայտարարություն անել»:

Ըստ պաշտպանական կողմի՝ Վաչագան Ղազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. - «Ապօրինի հարստացման մասով մենք շարունակում ենք նշել, որ առկա է օրենքի ապաքրեականացում Վաչագան Ղազարյանի զբաղեցրած պաշտոնի մասով միայն: Էս հստակեցումն էլ ասեմ, որպեսզի պարզ լինի: Ե՛վ վարույթն իրականացնող մարմինները, և՛ դատական մարմինները հմտորեն շրջանցում են և էդ հարցին որևէ պատասխան չեն տալիս: Եվ էդ մասով մենք չենք ընդունում մեղքը»:

Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը ևս հետաձգվել է: Նա ևս, պաշտպանի փոխանցամբ, մասնակցել է այսօրվա դռնփակ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG