Մատչելիության հղումներ

«Պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում մենք կարծես միայնակ լինենք»․ արտգործնախարար


Հայաստանի արտգործնախարարը այս մասին նշել է «Անադոլու» գործակալության հետ զրույցում:

«Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ», այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում նշել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով Երևանում գտնվող մի խումբ թուրք լրագրողներ ընտրությունների արդյունքների և օրակարգային այլ հարցերի շուրջ նախօրեին զրուցել են Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ:

Մնացականյանը ընդգծել է, որ ընտրություններում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր առաջնորդած դաշինքի հետ միասին ավելի քան 70 տոկոս ձայն է ստացել, ինչը մեծ վստահություն է ներշնչում բարեփոխումների քաղաքականությունը կյանքի կոչելու հարցում:

Անդրադառնալով 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը լիովին կատարել է իր հանձնառությունը և նույնը ակնկալում էր նաև Թուրքիայից․ - «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց այդ հարցում մենք կարծես միայնակ լինենք։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել որպես առանձին հարց։ Այդ հարաբերությունների հետ կապվող մյուս թեմաները նախապայմաններ են։ Հայ-թուրքական հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն և այդ հարաբերություններին անհրաժեշտ է վերաբերվել այդ շրջանակներում»։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ ժողովուրդը գոհ է արդյունքներից: «Այժմ մեր առաջնահերթությունը հասարակության ցանկությունները կյանքի կոչելն է։ Առաջնահերթություն է նաև կազմավորել նոր կառավարություն, որդեգրել տնտեսական քաղաքականություն և ստեղծել օրենքի գերակայության համակարգ»։

Մնացականյանը նաև խոսել է արտաքին քաղաքական օրակարգի շուրջ՝ նշելով, որ Հայաստանը շարունակելու է իր հարաբերությունները Ռուսաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Չինաստանի, Ճապոնիայի ու ասիական այլ երկրների հետ։


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Մնացականյանը ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա, հավելել, որ մայիսից ի վեր, երբ կառավարությունը ստանձնեց իր պարտականությունները, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում՝ հիշեցնելով, որ բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Միսնկի խմբի եռանախագահող երկրների, ինչպես նաև Ադրբեջանի հետ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ևս այն միտքն էր արտահայտել, թե Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններն` առանց նախապայմանների։

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք հույս ունենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,-նշել էր Փաշինյանը։

Թուրքական լրատվամիջոցները Փաշինյանի այս հայտարարությունը որակում են իբրև հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր փուլի ազդանշան: Պաշտոնական Անկարան, սակայն, դեռ չի արձագանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG