Մատչելիության հղումներ

Նկարիչների միության համագումարին ընդառաջ մի խումբ գեղանկարիչներ բաց նամակ են հղել


Առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին Կինոյի տան դահլիճում տեղի կունենա Նկարիչների միության համագումարը:

Համագումարին ընդառաջ մոտ 3 տասնյակ գեղանկարիչներ բաց նամակ են հղել իրենց արվեստագետ գործընկերներին, լայն հանրությանն ու համապատասխան պետական կառույցներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել վերջին տասնամյակներում Նկարիչների միությունում կուտակված բազմաթիվ խնդիրներին, որոնք ոչ միայն խոչընդոտում են միության բնականոն ստեղծագործական գործունեությունը, այլև մեծ վնաս պատճառում միության հեղինակությանը և վարկանիշին:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ այսօր բաց նամակը ստորագրած գեղանկարիչներից մի քանիսը ներկայացրին իրենց տեսակետը:

Գեղանկարիչ Վահագն Գալստյան․ - «Քանի որ շատ լուրջ դրական փոփոխություններ են եղել և լինում մեր երկրում, դրան ընդառաջ գնալով, մենք ուզում ենք, որ այդ փոփոխությունները և առողջ միջավայրը որքան հնարավոր է լայն տարածում ստանան մեր միության կազմում: Համարում ենք, որ սա շատ հարմար ժամանակ է: Պետք է սխեման փոխվի: Կար խորհրդային տարիներից մնացած աշխատանքայի սխեմա, որը այսօր չի գործում»:

Գեղանկարչուհի Զարուհի Մուրադյան․ - «Մենք ուզում ենք նախ դնել քննարկման մեր առաջարկը, որտեղ կան և՛ աուդիտորական ստուգումներ, և՛ կանոնադրական փոփոխություններ: Այս ղեկավարության քսան տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ եղել են, որոնց նույնիսկ համագումարի մեծամասնությունը, ժողովուրդը տեղյակ չեն եղել: Եվ քանի որ ամսի 15-ին հավաքվելու ենք, մենք ուզում ենք այդ բոլոր հարցերը բարձրաձայնենք»:

Գտեղանկարչուհի Անուշ Առաքելյան․ - «Նկարիչների միությունը հիմա շատ լավ հնարավորություն ունի մաքուր էջից սկսելու իր պատմությունը, կարողանանք ճիշտ կառավարել մեր միությունը: Եվ ոչ թե լինի միանձնյա ղեկավարում, ինչպես միշտ եղել է այս վերջին տարիներին, այլ կարողանանք գոնե մի ուրիշ կարևոր ղեկավարող օրգան ունենանք, որը կհամագործակցի նաև Նկարիչների միության նախագահի հետ: Մենակ ինքը չլինի ղեկավարը»:

Աշոտ Պետրոսյան, գեղանկարիչ․ - «Խնդիրն այն չի՝ ղեկավարը լա՞վն է, վա՞տն է․․․ Մեր երկիրը հեղափոխություն արեց, մեր երկիրը փորձում ա փոխվի հին ձևից ինչ-որ նոր ձևի: Մենք էլ փորձենք համահունչ լինել: Դրա համար բավականին ջանք ա պետք, մեզ խելացի կազմ ա պետք»:

Նազիկ Ասլանյան, գեղանկարչուհի․ - «Նկարիչների միությունը պետք է բարձրաձայնի նկարիչների այսօրվա խնդիրները, պետք է երկարատև և նպատակասլաց աշխատանք տանի, որպեսզի օրենսդրական փոփոխություններ լինեն՝ ի շահ մշակութային գործիչների: Իշխանությունները պետք է ստեղծեն ստեղծագործող արվեստագետների համար օրենսդրական փաթեթներ, որոնք կաջակցեն շատ հարցերում»:

Զարուհի Մուրադյանը հավելեց․ - «Քսան տարի երբ որ նույն մարդը ղեկավարում է, դա արդեն նոնսենս է: Մենք բոլորս գտնում ենք, որ երիտասարդներին պետք է հնարավորություն տալ ավելի նոր գաղափարներով գալ․․․ Մենք համարում ենք, որ անցած էջը պետք է միանշանակ փակվի, և պարոն Աղամյանը, որ արդեն 70-ն անց է․․․ Տասը տարի առաջ ես իրեն ասել եմ՝ տասը տարի ղեկավարել եք, մենք Ձեզ շնորհակալություն ենք ասում արած-չարածի համար, Դուք պետք է գնաց: Ինքը համառորեն չգնաց, բայց հիմա պետք է գնա: Ինքը ինքնակամ պետք է գնա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG