Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներ արտահանձնված Քեմալ Օքսուզը երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած դատական նիստի ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել` խոստովանելով, որ 2013 թվականին խախտել է լոբբիստական գործունեությունը կարգավորող ամերիկյան օրենսդրության մի շարք դրույթներ: Խոսքը մասնավորաբար ամերիկացի օրենսդիրների այցը Բաքու կազմակերպելու նպատակով Ադրբեջանի իշխանություններից ֆինանսավորում ստանալու մասին է:
«Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի նախկին բնակիչ Քեմալ Օքսուզը, ով հայտնի է նաև որպես Քևին Օքսուզ, խոստովանել է, որ նախկինում ԱՄՆ Ներկայացուցիչների տան էթիկայի հանձնաժողովին կեղծ տեղեկություններ է տրամադրել կոնգրեսականների Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ: Մասնավորաբար, Օքսուզը հանդես է եկել կեղծ պնդումներով, որոնց համաձայն՝ նրա կողմից ղեկավարվող և Հյուսթոնում գրանցված «Ամերիկայի և Եվրասիայի թյուրքական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը կոնգրեսականների այցը կազմակերպելու ընթացքում արտերկրից որևէ ֆինանսավորում չի ստացել», - նշված է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նաև տեղեկացնում է, թե դատական նիստի ընթացքում «Օքսուզը խոստովանել է, որ հատուկ սխեմա է մշակել, որի միջոցով կարողացել է [կոնգրեսականների] այցը ֆինանսավորել 100 տոկոսով պետությանը պատկանող Ադրբեջանի Նավթային պետական ընկերության՝ SOCAR-ի միջոցներով»: «Հետագայում արդեն Օքսուզը թաքցրել է այցի ֆինանսավորման իրական աղբյուրները, ինչը ևս Ներկայացուցիչների պալատի կանոնների խախտում է», - նշում են Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Ամերիկացի 10 կոնգրեսականների և նրանց 32 օգնականների այցը Բաքու տեղի էր ունեցել 2013 թվականին: Առաջինն այս այցի ֆինանսավորման կասկածելի աղբյուրների մասին 2015-ին գրել էր The Washington Post պաբերականը: Թերթի տեղեկություններով` կոնգրեսականները ոչ միայն Բաքու էին մեկնել ամերիկյան օրենսդրության խախտմամբ ֆինանսավորված այցի շրջանակում, այլև տեղում ադրբեջանցի իշխանավորներից թանկարժեք նվերներ էին ստացել` այդ թվում մինչև 10 հազար դոլար արժողությամբ ադրբեջանական գորգեր:
Հետաքննության ծավալմանը զուգահեռ` կոնգրեսականների այցի կազմակերպիչ Քևին Օքսուզը լքել էր Միացյալ Նահանգները և մոտ մեկուկես տարի առաջ հաստատվել Երևանում: Հայկական աղբյուրների փոխանցմամբ` թուրքական և ամերիկյան անձնագիր ունեցող Օքսուզը Երևանում հիմնել էր «Դե Սենա Գրուփ» ընկերությունը` զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ:
Հայ իրավապահները Օքսուզին ձերբակալեցին օգոստոսի 29-ին` այն բանից հետո, երբ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նրա դեմ միջազգային հետախուզում հայտարարվեց: Ոստիկանության օգոստոսի 30-ին տարածած տեսանյութում Օքսուզն արդեն իսկ խոստովանում էր, որ խախտել է ԱՄՆ տարածքում լոբբիստական գործունեության ծավալումը կարգավորող օրենքները:
«Իմ թուրքական անունը Քեմալ է: Երբ ես ամերիկյան քաղաքացիություն ստացա, փոխեցի անունս` դառնալով Քևին: 2013-ին ամերիկացի կոնգրեսականներին և այլ հյուրերի հրավիրեցինք Բաքու: Ադրբեջանի նավթային ընկերությունը 750 հազար դոլար տրամադրեց` նրանց տոմսերը գնելու համար», - Հայաստանի ոստիկանության տարածած տեսանյութում նշում էր Օքսուզը:
«Թուրան» լրատվական գործակալության պնդմամբ, սակայն, SOCAR-ի կողմից կոնգրեսականների այցի կազմակերպման վրա ծախսված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը կարող է հասնել 2 միլիոն 200 հազար դոլարի:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հաղորդագրության մեջ նաև նշում է, որ Օքսուզի արտահանձնման գործում զգալի աջակցություն են ցուցաբերել «գերատեսչության արտաքին հարաբերությունների բաժինը, Պետդեպարտամենտը և [ամերիկյան կողմի հետ համագործակցած] հայաստանցի պաշտոնյաները»:
Ուշագրավ է, ի դեպ, որ ամերիկյան կողմից բացի՝ Երևանից Օքսուզի արտահանձնումն էին պահանջում նաև թուրքական իշխանությունները: Թուրքիայում Օքսուզը կասկածվում է իսլամիստ քարոզիչ, 2016-ի հուլիսյան հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի հետ սերտ կապեր ունենալու մեջ:
«Օքսուզի ղեկավարած «Ամերիկայի և Եվրասիայի թյուրքական խորհուրդը» ԱՄՆ-ում գործող գյուլենական կազմակերպություններին միավորող կառույց է», - այսօր գրում է Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը:
Պաշտոնական Երևանը Օքսուզի արտահանձնման թուրքական պահանջը անպատասխան թողեց, քանի որ, ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, այն ստացվել էր այն պահին, երբ թուրք գործչին ԱՄՆ արտահանձնելու որոշումն արդեն իսկ կայացված էր:
Օքսուզի գործով դատավճիռը կհրապարակվի Վաշինգտոնում 2019 թվականի փետրվարի 11-ին: