Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ձերբակալված լոբբիստ Բուտինան կարող է ընդունել մեղքը


Մարիա Բուտինա, արխիվ
Մարիա Բուտինա, արխիվ

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի շահերի ապօրինի լոբբինգ իրականացնելու մեղադրանքով կալանավորված Մարիա Բուտինան հաղորդել է իրեն մեղավոր չճանաչելու ցուցմունքը փոխելու մտադրության մասին: Այժմ Բուտինան պատրաստ է իրեն մեղավոր ճանաչել, սակայն միայն մեկ՝ որպես օտարերկրացի լոբբիստ ժամանակին չգրանցվելու հոդվածով:

Մարիա Բուտինան ամերիկյան դատարանի հետ արտադատարանական համաձայնության պայմանով պարտավորվել է դատարանի պահանջով ցուցմունք տալ երդվյալ ատենակալներին:

Բուտինայի պաշտպանությունը մտադիր է այսօր և դեկտեմբերի 13-ին լսումներ կազմակերպել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բուտինան դաշնային դատախազության հետ բանակցում է քրեական գործն ավարտելու շուրջ:

Բուտինան կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման, սակայն դատախազության հետ գործարքի դեպքում նրա նկատմամբ կսահմանվի շատ ավելի մեղմ պատիժ, որը կհրապարակվի 2019 թվականին:

Բուտինան «Զենք կրելու իրավունք» ռուսաստանյան շարժման հիմնադիրն է: Այդ շարժման աջակիցներից մեկը նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակից Ալեքսանդր Տորշինն է:

Բուտինային ԱՄՆ-ում ձերբակալել են այս տարվա հուլիսի 15-ին: Նրան մեղադրում են պաշտոնական խողովակները շրջանցելու եղանակով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև շփումներ հաստատելու փորձերի մեջ:

Ըստ ամերիկացի իրավապահների, Բուտինան Ռուսաստանի կառավարության առաջադրանքով փորձել է ազդեցություն գործել ԱՄՆ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի վրա: Այդ նպատակով նա կապ է հաստատել Հանրապետական կուսակցության խոշոր հովանավորների, այդ թվում՝ Ամերիկայի հրաձգային ընկերակցության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG