«Իմ քայլը» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լենա Նազարյանը «անառարկելի» է բնորոշում իր թիմի գրանցած հաղթանակը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական այս ուժը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 70 տոկոսը։
«Ինձ համար ամենակարևորը այն է, որ մարդիկ, առանց որևէ ազդեցության՝ իրենց ընտրական կամքի ձևավորման վրա, գնացել և կատարել են ընտրությունը», - ասում է Նազարյանը:
Այնուամենայնիվ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշը բարձր չէր. Հայաստանի 2 միլիոն 592 հազար 479 ընտրողների 48,63 տոկոսն է գնացել ընտրատեղամասեր։
«Իրական մասնակցություն էր․ մենք, երկար տարիներ մասնակցելով ընտրությունների, անընդհատ չէինք կարողանում հասկանալ ի վերջո քաղաքացիների որ տոկոսն է մասնակցում ընտրությունների, որովհետև մոտիվացիան, շատ դեպքերում, լինում էր ընտրակաշառքը կամ մարդկանց տարբեր ազդեցությունների տակ թողնելով բերում էին ընտրատեղամաս և ստիպում, որ մասնակցեն ընտրությունների», - այս առնչությամբ մեկնաբանեց Նազարյանը:
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը բացահայտում է՝ խորհրդարան անցած որևէ այլ ուժի հետ չեն պատրաստվում կոալիցիա կազմել. - «Մենք ունենք մեծամասնություն Ազգային ժողովում և որևէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու ո՛չ ցանկություն, ո՛չ անհրաժեշտություն չկա»:
Երկրորդ տեղով՝ ձայների 8.27 տոկոսով խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդն այսօր ուղերձով է հանդես եկել, նշելով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին»: Կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, այդուհանդերձ չի հստակեցրել՝ 7-րդ գումարման խորհրդարանում իր ղեկավարած կուսակցությունը որպես ընդդիմադի՞ր ուժ է հանդես գալու, թե ոչ։
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանից տեղեկացանք, որ այս հարցը դեռ պետք է քննարկեն․ - «Երբ մեր քաղաքական խորհուրդը կքննարկի այդ հարցը, երբ որ պարզ կլինի խմբակցության կազմը և, ընդհանրապես, բազմաթիվ ներկուսակցական խնդիրներ կքննարվեն, քաղխորհուրդը, կարծում եմ, պատշաճ պահի նման դիրքորոշմամբ հանդես կգա»:
Միաժամանակ, իր ուղերձում Գագիկ Ծառուկյանը շնորհավորել էր ոչ միայն հաղթող «Իմ քայլը» դաշինքին, այլև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղում հայտնված «Լուսավոր Հայաստանը» իր հայտարարությունում, փոխարենը, մտահոգություն է հայտնում, որ՝ «անգամ հեղափոխությունից հետո խոշոր բիզնեսն և քաղաքականությունը շարունակում են մնալ քաղաքական խրոնիկ հիվանդ համակարգի հետևանք»:
«Եվ ես վստահ եմ՝ եթե կառավարության այն հիմնադրույթը, որը կապված էր բիզնեսի և քաղաքականության տարանջատման հետ իրացվեր այս 6 ամիսների ընթացքում, «Լուսավոր Հայաստանը» միանշանակորեն կլիներ երկրորդ քաղաքական միավորը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանն առաջարկում է համեմատել իր կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» ծախսած գումարները քարոզարշավի ընթացքում։ - «Ահավոր մեծ ռեսուրս է դրվել, սարսափելի հակաքարոզչություն է իրականացվել մեր դեմ և, բնականաբար, դա իր ազդեցությունն ունեցել է: Որքան էլ մենք ասենք, որ ժողովուրդը ուշադրություն չի դարձնում, բայց դա նստվածք է տալիս: Չէ՞ որ մեկին մի բան ես ասում, թեկուզ սուտ, այդ հարցն էլ որ հնչեցնես՝ դա նստվածք է տալիս մարդկանց մոտ: Եվ այդ հակաքարոզչությունն էլ իր ազդեցությունն ունեցել է», - պնդում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը:
«Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է՝ «Լուսավոր Հայաստանը» հետևողականորեն փորձում է քաղաքական արևի տակ տեղ գտնել հայացքն ուղղելով «Բարգավաճ Հայաստանին»․ - «Եթե խոսում են բիզնեսի և քաղաքականության սերտաճման մասին, ապա ես իմ քարոզարշավը անցկացրել եմ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որտեղ բավականին թանկ, ծանրակշիռ քարոզարշավը իրականացրել է հենց «Լուսավոր Հայաստանը»: Եթե դա ինձ հետաքրքրեր, ապա ես հարց կուղղեի «Լուսավոր Հայաստանին», թե որտեղից իրենց՝ աշխատավարձով ապրող, շարքային պատգամավորներին նման հսկայական ֆինանսական միջոցներ»:
Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանը» արդեն հայտարարել է՝ խորհրդարան են գնում ընդդիմություն դառնալու վճռականությամբ: