Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական էին, բնութագրում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ արդարացան հասարակության ակնկալիքները:
«Ես պատմական եմ համարում այն առումով, որ առաջին անգամ ընտրությունների արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացնում։ Անկախ նրանից կուսակցությունները դժգոհ են արդյունքներից, թե գոհ են միևնույն է, անգամ ամենադժգոհ ուժերը կասկած չեն հայտնում», - նշեց Արմեն Բաղդասարյանը։
Ժողովրդի քվեն ավելի պատասխանատու է դարձնում իշխանությանը, ասում է Արմեն Բաղդասարյանը և հիշեցնում, թե ում առջև է պատասխանատու լեգիտիմություն չունեցող նախկին իշխանությունը․ - «Իհարկե, այս իշխանությունները ավելի պատասխանատու են լինելու ժողովրդի առաջ, որովհետև իշխանության են հասել ժողովրդի քվեով։ Նախկին իշխանությունները, որպես կանոն, իշխանության էին հասնում քրեաօլիգարխիկ համակարգի աջակցությամբ և պատասխանատու էին նրանց առաջ, հաշվետու էին նրանց առաջ։ Այս առումով իրավիճակը դրական է»:
Բաղդասարյանի կանխատեսմամբ, քաղաքական նոր իրավիճակում բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքին ընդդիմադիր բևեռ կձևավորվի խորհրդարանի պատերից դուրս, իսկ Ազգային ժողով անցած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն ավելի կառուցողական մոտեցում ունեն․ - «Նոր ընդդիմադիր բևեռ անկասկած առաջիկա տարիների ընթացքում կձևավովի, ընդ որում, կձևավորվի խորհրդարանից դուրս, որովհետև խորհրդարանում ներկայացված ընդդիմադիրները, ընդդիմադիր ուժերը կառուցողական ընդդիմադիրներ են և հազիվ թե բացի սոցիալ տնտեսական խնդիրներից այլ հարցերում լուրջ ընդդիմադիր կեցվածք ընդունեն»:
«Էս ընտրություններով փակվեց մի էջ վերջնականապես, որը քաղաքական մի համակարգ էր, ինչը քաղաքագիտության մեջ բնորոշվում է ավազակապետություն անունով, և դա հայհոյանք չի, դա գիտական տերմին է», - ասում է պատմաբան, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Աշոտ Սարգսյանը:
Պատմաբանի խոսքով՝ դեկտեմբերի 9-ին արձանագրված հաղթանակը տասնամյակների պայքարի արդյունքն էր․ - «Պայքարը էդ համակարգի դեմ մոտ 20 տարվա պայքար է, ավարտվեց հաջողությամբ։ Ցանկացած բռնապետություն կամ նմանատիպ իշխանություն միանգամից չի կործանվում երբեք։ Դրա կործանումը մինչ այդ եղավ բոլոր պայքարների արդյունքներում, ուղղակի հիմա իրավականորեն ֆիքսվեց էդ ավարտը և բոլոր նախադրյալները կա, որպեսզի այսուհետև դա չկրկնվի։ Դրա համար անհրաժեշտ է լուծել ևս մեկ կարևոր խնդիր, որը էդ համակարգի և նմանօրինակ համակարգերի հիմք կարող է հանդիսանալ, դա կիսապատերազմական վիճակի ավարտելն է խաղաղության հաստատումը»:
Հետհեղափոխական Հայաստանի առաջին համապետական ընտրությունները պատմական կհամարի Աշոտ Սարգսյանը, եթե նորընտիր իշխանությունը ժողովրդի վստահության քվեն ծառայեցնի Հայաստանում խաղաղության հաստատմանը:
«Էս ընտրությունները կդառնան պատմական, եթե իմ ասած խնդիրներն առաջիկայում լուծվեն առաջնահերթության կարգով։ Առաջնահերթը խաղաղության հաստատման խնդիրն է։ Մինչև հիմա նրա արածը բավականին բավարար հիմք, որպեսզի առաջիկայում արածն էլ գումարվի դրան ու դառնա պատմական, իսկ եթե առաջիկայում անելիքը չգումարվի դրան կարող է մնալ ոչ պատմական», - ընդգծեց պատմաբանը։