Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը չի պատրաստվում դիմել իրավապահներին


Թեև Զոհրաբյանն այսօր պնդելով, թե Սյունիքի մարզում ընտրողներին ուղղորդելու՝ մարզպետի հորդորի մասին իր տեղեկությունները հավաստի են, այդուհանդերձ ասաց, որ իրավապահներին չի դիմելու:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն արձագանքելով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորության ռեյտինգային թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե մարզպետն անձամբ է իր կաբինետում ընդունել մարզի գյուղապետերին ու համայնքապետերին և ուղղորդել ձայներ ապահովել «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ երդվեց․ - «Ես երդվում եմ գեներալի ուսադիրներով, արդեն անիմաստ ու տխուր ա էս խոսակցությունը: Թող մնա իր խղճի հետ»:

Մարզպետը տարակուսում է, թե ինչու է Նաիրա Զոհրաբյանը, լինելով քաղաքական փորձառու գործիչ, նման բարձրագոչ հայտարարություններ անում:

«Սյունեցուն ուղղորդել չի լինի», - ընդգծում է մարզպետը:

Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե Հունան Պողոսյանը հավատարմորեն ու անվերապահորեն ծառայել է Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև՝ Սերժ Սարգսյանին՝ ամբողջ մարզն ու հատկապես բանակին ուղղորդել ու հրահանգել է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին։

Նախկին փոխոստիկանապետ, այժմ արդեն Սյունիքի մարզպետն արձագանքեց․ - «Ի տարբերություն ոմանց, ով ուզում է, թե իրեն վերագրի, մենք, հատկապես ես ծառայել եմ հայրենիքիս ու ժողովրդիս: Էսօր էլ, իմ համեստ հնարավորությունների սահմաններում շարունակում եմ ծառայել»:

Նաիրա Զոհրաբյանը պնդեց, թե իր տեղեկությունները հստակ են, բայց իրավապահներին չի դիմելու․ - «Հունան Պողոսյանը, մարզպետը հենց իր աշխատասենյակում տարբեր քաղաքապետերի և համայնքապետերի հանդիպել է և հորդորել է ուղղորդել իրենց համայնքների բնակչությանը դեպի «Իմ քայլը»: Դա միանշանակ է»:

Իսկ ոստիկանություն չի դիմելու «շատ պարզ պատճառով»․ - «Որովհետև այն համայնքապետերը, քաղաքապետերը, ովքեր ինձ հետ մասնավոր զրույցում նշել են, որ նման ուղղորդում եղել է, բնականաբար հրապարակային դաշտում կհրաժարվեն իրենց խոսքից, ինչը մեզանում շատ հին և բարի ավանդույթ է: Ես ուղղակի անիմաստ եմ համարում այդ հարցը իրավական դաշտում քննարկելը: Ընդամենը ես արձանագրել եմ այն, ինչ տեղի է ունեցել, և որևէ մեկը չի կարող ինձ զրկել իրավունքից ասելի այն, ինչ իրականում կա»:

«Ազատության» հացրին ի պատասխան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ վարչական վարույթ հարուցելու համար բավարար հիմքեր չկան․ - «Հայտարարությանը ծանոթանալուն պես, ես անձամբ եմ կապ հաստատել Սյունիքի մարզպետի հետ: Վերջինս միանշանակ պնդել է, որ որևէ նման խնդիր ընդհանրապես առկա չէ, ինքը նույնիսկ չի եղել որևէ համայնքում, որևէ ուղղորդում և որևէ մեկի նկատմամբ չի իրականացվել: Ես առիթ ունեցել եմ, նաև տիկին Զոհրաբյանի հետ եմ զրուցել: Չկա ուղղակիորեն որևէ բավարար հիմքեր, որպեսզի դրանով պայմանավորված վարույթ հարուցվի»:

Երեկ Նաիրա Զոհրաբյանի այս հայտարարությունը փոխանցեցինք նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նրա արձագանքը․ - «Ես իմ բոլոր մարզային հանդիպումներում ամբիոնից դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկել․․․ Եվ դրանով ամեն ինչ ասված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG