Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չէր ունեցել, այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկը՝ ներկայացնելով ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության գնահատականը:
Վերջնական զեկույցը կհրապարակեն շաբաթներ անց, այսօր եվրոպացի դիտորդները առաջին տպավորություններով էին կիսվում, գնահատում էին «ազատ, թափանցիկ, շատ լավ-կազմակերպված, առանց ճնշումների»:
«Այսօր մենք նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի տարեդարձը և Հայաստանի ընտրությունների մեր գնահատականն այն է, որ մարդու հիմնարար իրավունքները պահպանվել են», - նշեց Ուրշուլա Գաչեկը:
Նախնական եզրակացության մեջ նշված է․ - «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել»»:
Զեկույցում նաև նշվում է, որ չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները լավ էին կազմակերպված, ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների:
«Երեկվա ընտրությունների հաղթողը Հայաստանի ժողովուրդն է», - այսօր հրավիրված ասուլիսում ընդգծեց ԵԱՀԿ հատուկ համակարգող Պետեր Օսուսկին՝ շարունակելով․ - «Այսօրվա իշխանությունները հայտնել են քաղաքական կամք իրականացնելու ազատ և արդար, հավասար պայմաններում ընտրություններ և չեն խրախուսել քվեների առքուվաճառքը: Սա ողջունելի փոփոխություն է: Բայց ամեն դեպքում լրացուցիչ փոփոխություններ են անհրաժեշտ և այդ առումով մեր կազմակերպությունը որոշակի հանձնարարություններ, առաջարկություններ է արել, որոնք կցանկանայի իրականացվեին: Երեկվա ընտրությունների հաղթողը հստակորեն Հայաստանի ժողովուրդն է: Իրականում Հայաստանի այս ընտրությունները բերել են լավ էներգիա: Ավարտելով խոսքս ընդգծեմ ժողովրդավարությունը հնարավոր չէ առանց վստահության և ինձ համար հաճելի է նշել, որ ընտրությունների ժամանակ կար հանրության լայն վստահություն և սա է այս ընտրությունների հիմնական բնութագիրը»:
Պետեր Օսուսկին տեղեկացրեց, որ երեք անգամ արդեն դիտարկել է Հայաստանի ընտրությունները, առաջին անգամ՝ 19 տարի առաջ: Հիշեց՝ այդ ժամանակ իրենց տեղացի վարորդը, կարծիք էր հայտնել, թե ով էլ հաղթի՝ հուս չկա: Այս անգամ եվրոպացի դիտորդն այլ պատկերի է ականատես եղել․ - «Երեկ ես այն մարդկանցից մեկն էի, որ տեսա՝ փառք Աստծո՝ Հայաստանի համար հույս կա»:
ԵԽԽՎ ներկայացուցիչ Ալեքսանդր Պոսյենն իր խոսքում ընդգծեց՝ այս տարվա թավշյա հեղափոխությունը նաև հնարավորություն տվեց իրական ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել․ - «ԵԽԽՎ-ն Հայաստանի ընտրությունները դիտարկում է 95թ․-ից, և չնայած բարդ ընտրական համակարգին, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջամտություններին, չկարգավորված ընտրակարգին, նախորդ ժամանակներում կրկնվող ընտրախախտումները բացակայում էին: Իհարկե, Հայաստանի ներկայացուցիչները պետք է իրականացնեն օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ամրապնդեն ժողովրդավարական գործընթացները երկրում»:
«Այս ընտրությունները շատ լավ էին կազմակերպված, չնչին խախտումներով, ընտրողների վրա ճնշում չի գործադրվել», - իր խոսքում ընդգծեց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հոթալային՝ ընդգծելով՝ շատ ուրախ է, որ հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ բարձր էր:
Ամփոփելով իրենց խոսքը՝ եվրոպացի դիտորդներն ասացին, որ պատրաստ են օգնել թերություններն ուղղելու հարցում, վերջնական զեկույցում առավել մանրամասն կանդրադառնան դրանց: