Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն Լոռու մարզում ստացել է ընդամենը 8 հազար ձայն


Թեև Հանրապետականը Լոռու մարզում զգալի թվով ձայներ ստանալու ակնկալիք ուներ, բայց այստեղ իշխանությունից 7 ամիս առաջ զրկված կուսակցությունն ստացավ քվեների ընդամենը 7 տոկոսը՝ մոտ 8 հազար ձայն։

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու Լոռիում 7 տարի որպես մարզպետ պաշտոնավարած Արթուր Նալբանդյանը միասին ստացան մոտ 7 հազար ձայն: Երեքն էլ իրենց օգտին քվեարկած ձայների հիմնական մասն ստացել են իրենց ծննդավայրերում՝ Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում և Էդուարդ Շարմազանովմ Ու Արթուր Նալբանդյանը՝ Ալավերդիում։

Ընդ որում, ամենաքիչ թվով ձայն ստացել է Էդուարդ Շարմազանովը՝ գրեթե հազարով պակաս թե՛ Վահրամ Բաղդասարյանից և թե՛ Արթուր Նալբանդյանից։

Երեկ օրվա ընթացքում Հանրապետականի՝ Լոռու մարզում պայքարող թեկնածուներն ու նրանց աջակիցները հայտարարում էին թե «բոլոր տեղամասերում վախի մթնոլորտ է»։

Վահրամ Բաղդասարյանը քվեարկելուց հետո լրագրողներին ասել էր․ - «Բոլոր տեղամասերում դուք կարող եք ականատես լինել՝ վախի մթնոլորտը․․․ նաև որոշ տեղերում համար 1 բյուլետենը բացակայել է․․․ Դա անթույլատրելի բաներ են պարզապես: Դա մի քանի ձայն, «արջի ծառայությունները», որ որոշ մարդիկ մատուցում են, դա պարզապես ստվեր է գցում մեր ընտրությունների վրա, որովհետև ժողովրդավարության հայելին դա ընտրություններն են»:

Մինչդեռ ընտրողները հակառակն էին վկայում, նշում, թե աննախադեպ ընտրություններ են, երբ որևէ մեկը չի սպառնում, չի պարտադրում ընտրել այս կամ այն թեկնածուին։

«Չէ, ստիպողական ոչ մի բան չկա: Հիմա նոր անկախ ենք, թե չէ էն վախտ կախված ենք եղել անընդհատ», - ասաց միջին տարիքի մի ընտրող:

Նշենք, որ Լոռու մարզում, ըստ ընտրացուցակների, մոտ 237 հազար ընտրող կա, որից քվեարկությանը մասնակցել է 112 909-ը՝ ընտրողների 47,6 տոկոսը։ Ինչպես բոլոր ընտրատարածքներում, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9-ում էլ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 78 հազար 38 ձայնով:9 հազարից մի փոքր ավելի քվեներ են ստացել «Բարգավաճ Հայաստանը» ու «Լուսավոր Հայաստանը» (համապատասխանաբար 9261 և 9157 ձայն)։

Իսկ տարածքային ցուցակներով Լոռու մարզում ամենաշատ թվով՝ շուրջ 15 հազարական ձայն ստացել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներ Տարածքային կառավարման և զաևգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ու Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավարն է։ Դարձյալ «Իմ քայլը» դաշինքից շուրջ 8 հազարական ձայներ են ստացել վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփի Դավոյանը, որոնք ծնունդով Լոռու մարզից էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG