Մատչելիության հղումներ

Տեղական դիտորդներն արձանագրում են՝ ընտրություններն անցել են խաղաղ և օրենքին համահունչ


Հայաստան - Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները ընտրական տեղամասերից մեկում
Հայաստան - Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները ընտրական տեղամասերից մեկում

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ամենամոտն են ժողովրդավարական, ազատ և արդար ընտրություններին, արձանագրում են տեղական դիտորդական կազմակերպությունները, ընդգծելով՝ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ և եղել են օրենքին համահունչ։

Այս անգամ ևս, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, չեն եղել համակարգված, զանգվածային ընտրական հանցագործությունները, կեղծարարության դեպքեր չեն նկատել, ասում է «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը։

«Ընտրակաշառք, կուտակումներ տեղամասերի առաջ, ուղղորդումներ, մարդկանց տանել-բերել, վարչական ռեսուրսի ուժով ճնշել ընտրողների վրա, պարտադրել և իրավապահ մարմինների աշխատանքի անգործություն կամ համակարգային անգործություն այս անգամ չենք նկատել, ինչը ահռելի ծավալներ է ունեցել և արձանագրվել է մեր նախկինում ունեցած «Քաղաքացի դիտորդ» և ուրիշ առաքելությունների ժամանակ դիտարկած համապետական ընտրությունների ժամանակ։ Ահռելի ծավալի զանգեր ենք ունեցել նախկինում, շունչ քաշելու րոպե չեն ունեցել մեր օպերատորները և իրավաբանները: Այս անգամ, ինչպես և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, կարող եմ ասել, որ համեմատած նախորդի հետ բացարձակ անդորրի միջավայր է եղել», - նշեց Բարսեղյանը։

Ընտրություններում խախտումների մեծ մասը պայմանավորված են եղել հանձնաժողովների անդամների և նախագահների՝ ընտրական գործընթացներին ոչ լիարժեք տիրապետմամբ, նշում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

«Վերստին պնդում ենք, որ հանձնաժողովների նախագահներն ու անդամները պետք է բավական լուրջ ուսուցում և դասընթացներ անցեն, խոսքը վերաբերում է և՛ օրենսդրության, և՛ կազմակերպական՝ մենեջմենթի, ընդհանրապես կառավարական հմտություններ, որպեսզի ընտրական պրոցեսները որակյալ անցնեն, և խախտումները, որոնք պայմանավորված են զուտ չիմացությամբ կամ չկարողությամբ, տեղի չունենան: Եղել են դեպքեր, երբ որ, տեղամասերից 16,8 տոկոսում ենք մենք արձանագրել, քվեասենյակում գտնվել են վկայական չունեցող անձինք։ 17,2 տոկոսի դեպքում նկատվել են ընտրողների կողմից, քվեարկելուց հետո, քվեարկության մասին այլ անձանց տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր։ Վարչական ռեսուրսների օգտագործման հրահանգի մասին, ես նկատի ունեմ գործադիր իշխանության կողմից, մեր դիտարկման տվյալները հերքում են, որ նման հրահանգ եղել է։», - ընդգծեց Սաքունցը։

Անկախ դիտորդ դաշինքը ընտրատեղամասերում ունեցել է շուրջ 730 դիտորդ։ Նկատած այլ խախտումների մասին նշում է դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը.

«Ինչպես 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, այնպես էլ այս անգամ հիմանականը կապված է քվեարկության գաղտնիության ապահովման հետ, բայց մասշտաբները տարբեր են։ Այն ժամանակ մասշտաբները շատ ավելի լուրջ էին, այն ժամանակ, կան կադրեր, որոնց վրա տեսնում ենք, թե ինչպես են Տավուշի, Գեղարքունիքի մարզում ուղղակի քվեախցիկի հետևում հաստիքային վերահսկողներ կանգնած։ Այս անգամ նման երևույթներ չենք տեսել։ Պետք է ասեմ, որ այսպես կոչված բասինգը, երբ ընտրողներին տանում բերում էին գազելներով, նախկինում մենք դա շատ ենք տեսել, այս անգամ մենք ընդամենը մեկ միկրոավտոբուս ենք տեսել, որը ընտրող էր տեղափոխում», - ասաց Իոաննիսյանը։

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ քննչական կոմիտեն դեկտեմբերի 10-ի դրությամբ ստացել է 56 հաղորդում, որոնցից 52-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, երեքը քվեարկության գաղտնիությունը խախտելուն, մեկը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG