Ֆինանսները, իհարկե, շատ կարևոր են՝ քաղաքականության մեջ, ամենուր, բայց տվյալ իրավիճակում պետք է արձանագրել, որ այդքան էլ գերակա չէին: Այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ «Ազատության» հետ զրույցում ամփոփելով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
«Բացի նրանից, որ բացվել է դաշտը մրցակցության, նաև հեղափոխության մթնոլորտը ինքնին որոշակիորեն նվազեցրել էր ֆինանսների դերը թեկուզ որպես ռեսուրս քաղաքական գործընթացը կազմակերպելու առումով: Եվ էստեղ, իհարկե, առանցքային դերը բոլոր ուժերի առումով խաղում է այն, թե նրանք ինչպիսի դիրքավորում են ունեցել հեղափոխական գործընթացի հանդեպ, հասարակությունը գնահատում էր՝ նրանք ինչպես են իրենց պահել ապրիլ-մայիսին, և սա զգալի նաև իր դերն է ունեցել քաղաքական այլ ուժերի հանդեպ գնահատականում», - ընդգծեց Բադալյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:
«Ինչ վերաբերում է նոր ուժերին, ապա ես կարծում եմ՝ էդ ժամանակը կարող է նույնիսկ մեկ տարի չբավականացներ և երկու տարի չբավականացներ: Ի վերջո, քաղաքական ուժը պետք է հասարակությանը ներկայանա ոչ միայն իր գեղեցիկ փաթեթավորումով և բովանդակությամբ, այլ նաև որոշակի կարողունակության հարցում համոզիչ լինելով, այսինքն՝ մարդիկ պետք է գնահատեն, թե էդ քաղաքական ուժը ինչ կարող է անել բացի շատ լավ մոտեցումներ և գաղափարներ ներկայացնելուց», - ասաց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Էս առումով քաղաքական նոր ուժերի համար դաշտը բաց է, այսինքն՝ նրանցն է ապագան, եթե այսպես ասենք, և մեծ հնարավորություն ներկայանալու, քաղաքականությամբ զբաղվելու»:
Շատ կարևոր է նաև, թե երկիրն ինչպիսի տնտեսական զարգացում է ունենալու, որովհետև «մեր քաղաքական նոր համակարգի հենքը պետք է լինի նոր տնտեսական համակարգը», նշեց Բադալյանը՝ շեշտելով․ - «Եթե մենք նոր տնտեսական համակարգ չձևավորենք, էդքան էլ ամուր քաղաքական նոր համակարգի մասին մտածել չենք կարող»:
«Բայց որակական փոփոխությունը ակնհայտ է, չէ՞՝ թե՛ ընտրական գործընթացներում և թե՛ ընդհանրապես կուսակցությունների վարքագծում արդեն լուրջ փոփոխություններ կան», - այս դիտարկմանը վերլուծաբանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ՝ էստեղ քննարկման հարց չկա նույնիսկ, իհարկե: Մենք ունենք մրցակցային գործընթաց, մենք ունենք ընտրական գործընթաց, մենք ունենք էդ ընտրության համակարգի տանող առաջին քայլը, կամ երկրորդը արդեն՝ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունը: Եվ սրանք իրողություններ են, որոնք պարզապես անհամեմատելի են նախորդ շրջանի հետ, որովհետև, ես առիթ ունեցել եմ ասելու՝ ընտրությունը հնարավոր չէ համեմատել չընտրության հետ․ նախկինում պարզապես ֆորմա էր ընտրության, իսկ իրականում՝ ընտրական համակարգի նենգափոխում ամբողջապես»: