Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրաժարվեց հայտարարությամբ հանդես գալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, քանի դեռ դրանք ամփոփված չեն:
Փաշինյանը, միևնույն ժամանակ, անդրադարձավ ընտրությունների ընթացքին՝ փաստելով. ֊ «Ես տեսա՝ շատերը, այդ թվում լրագրողներ, քվեարկության ընթացքը որակել էին որպես ձանձրալի՝ չակերտավոր։ Եվ դա կարծում եմ լավագույն գնահատականն է»։
«Ազատության» խնդրանքով Փաշինյանը անդրադարձավ ընտրություններին մասնակցության ցուցանիշին, որն այս տարի ավելի ցածր է, քան նախորդ ընտրություններին էր։
«Եթե մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը, և տեսնենք ամեն անգամ ընտրություններից հետո ինչ է ասում ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը, և ինչ են գրում լրագրողները։ Գրում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազարանոց ռեսուրս, որը օգտագործում է. դա բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, և բացի այդ՝ տեսել եք՝ այս ընտրություններում մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոչ թե բերման են ենթարկել ընտրությունների, այլ քաղաքացիներն իրենց կամքով գնացել են ընտրությունների: Եվ, ընդ որում, արդեն իմ նախընտրական հավաքների ժամանակ խոսում էի այդ մասին, որ խնդիր էի տեսնում նաև այն առումով, որ ընտրողները ինտրիգ չեն տեսնում էս ընտրություններում։ Նայում է, և ասում է՝ լավ է, էսօր մի քիչ ցուրտ ա, էլ ես գնամ ի՞նչ անեմ, մեկ ա՝ արդեն ընտրությունը կատարված ա»,- պատասխանեց Փաշինյանը:
ԿԸՀ նախնական տվյալներով 2 միլիոն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840-ը, կամ ընտրողների 48,63 տոկոսը։ Նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 1 միլիոն 574 հազար 947 ընտրող, կամ ընտրողների 60,86 տոկոսը: