Տիկնոջ և երեք դուստրերի հետ ընտրության եկած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քվեարկեց «հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի»:
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, թե վարչական լծակ է կիրառվել:
«Եթե վարչական ռեսուրսի կիրառման փաստեր պարզվեն, վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն», - պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը:
«Ազատության» հարցին, թե սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական է որակել իր կալանավորման որոշումն ու ընգծել՝ «2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել», Փաշինյանն արձագանքեց՝ նույնիսկ նախորդ իշխանության կայացրած դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը, և կարծում եմ՝ այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է և ես համոզված եմ, որ իրական պատկերը, ըստ էության, բացահայտված է», - հայտարարեց Փաշինյանը:
Վկայակոչելով վերջերս հրապարակված՝ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որում քննարկվում էր երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել էր՝ «ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որը իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ»:
Այս առնչությամբ Փաշինյանն արձագանքեց՝ Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել քան այսօր․ - «Ամենակարևոր բանը, որ այս նոր գաղտնալսումը հաստատեց՝ հաստատվեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ իմացել այդ կալանքի պրոցեսների մասին, որովհետև Ազգային անվտանգության ծառայության տնօրենը զանգում է ինձ, ասում է, որ կալանքի են տանում Յուրի Խաչատուրովին, ես էլ հարցնում եմ՝ ե՞րբ: Հեռախոսազանգի ընթացքում ես շատ կոշտ տոնով Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ասեմ եմ՝ ի՞նչ ա նշանակում դատավորը վախենում ա, ի՞նչ ա նշանակում, որ աշխարհի տարբեր ծայրերից դատավորին մեսիջ ա գնում հասնում: Չե՞ք կարողանում դատավորի անկախությունը ապահովեք: Դա ձեր գործն ա, գնացեք, ինչպես ուզում եք դատավորի անկախությունը ապահովեք»:
ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը, ըստ ԱԱԾ-ի, մամուլի ասուլիսների ընթացքում արել է հայտարարություններ, որոնցում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր: Այս առիթով Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ, բայց չի ներկայացել: Վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ իրենց պետական դավաճանության մեջ մեղադրողներն են պետական դավաճաններ, եթե փաստեր ունեն, բայց ԱԱԾ֊ին չեն հայտնում․ - «Ազգային անվտանգության ծառայությունն ուզում ա բացահայտի էդ պետական դավաճանությունը: Պետական դավաճանություն թաքցնելը պետական դավաճանություն չի՞: Ձեր ասածով, հիմա ոչ թե մեզ են մեղադրում այլ մենք ենք մեղադրում պետական դավաճանության մեջ»:
8/16 ընտրատեղամասում քվեարկելուց հետո վարչապետ պաշտոնակատարն անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեմային՝ ընդգծելով՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ: Գլխավոր քարտուղարի պաշտոնն էլ ամենակարևոր հարցը չէ, հավելեց Փաշինյանը․ - «Շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան, շատ լուրջ ձևով քննարկվում են և ԵԱՏՄ տնտեսական խորհրդի վերջին նիստում էլ շատ լուրջ ձևով քննարկվել են»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներքին հանձնարարական է տվել համայնքապետերին՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին առավելագույն քվե ապահովել: Զոհրաբյանի այս ահազանգը փոխանցեցինք վարչապետի պաշտոնակատարին, Փաշինյանն արձագանքեց․ - «Ես իմ բոլոր մարզային հանդիպումներում, ամբիոնից դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե իրենք ում օգտին քվեարկեն, և դրանով ամեն ինչ ասված է»: