Մատչելիության հղումներ

«Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է»․ Մարուքյան


«Ես քվեարկել եմ Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել է և Հայաստանի այն ապագայի համար, ինչի մասին մենք խոսել ենք ամբողջ քարոզարշավի ընթացքում», - այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ «այսօր է՞լ եք երկրորդը լինելու տրամադրությամբ եք եկել», Մարուքյանը պատասխանեց․ - «Այսօր ոչ թե երկրորդը լինելու տրամադրությամբ ենք, այլ այսօր երկրորդն ենք և քաղաքացիների այս ակտիվ մասնակցությունը, կարծում եմ, դրա մասին է խոսում»:

Լրագրողների խնդրանքով Մարուքյանը նաև անդրադարձավ ընտրությունների ընթացքին: - «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որը օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակում ենք: Բնականաբար, չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հակաքարոզչության մաս կհանդիսանա, բայց ուղերձս քաղաքացիներին հետևյալն է, որ այսօր հնի և նորի կռվի ավարտն է և ես մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ ակտիվ գնալ ընտրական տեղամասեր և իրենց քաղաքացիական պարտքը կատարել, հանկարծ չմտածել, որ ամեն ինչ ավարտված է», - նշեց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը՝ շարունակելով․ - «Ոստիկանությանն էլ կոչ եմ անում, որ բոլոր տեսակի մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկեն, որովհետև այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն այսօրվա իշխանությունն է և իրավապահ մարմինները և ես հույս ունեմ, որ այն բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են և որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, նրանք համապատասխան ձևով կհայտնաբերվեն և բոլորս կտեղեկանանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG