Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան․ «Քվեարկեցի հանուն հայի ու հողի»


«Քվեարկեցի հանուն հայի ու հողի», - հայտարարեց ՀՅ Դաշնակցության ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Կարծում եմ՝ ժամանակը շատ քիչ էր, աննախադեպ քիչ էր, էդ առումով էլ երևի առաջին անգամ ենք արտահերթ ընտրություններ անցկացնում։ Ասելիքը շատ-շատ էր, բայց հնարավորինս լայն ճակատով մենք այս անգամ աշխատելով կարողացանք, կարծում եմ, տեղ հասցնել հիմնականում մեր ասելիքը և կարևորագույն մեր գնահատականները՝ կապված այս ընտրությունների և նրա նշանակության հետ», - ընդգծեց Ռուստամյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք երբեք որևէ կոալիցիայի մաս չեն կազմի, որտեղ Դաշնակցությունը չի ունենա վճռական խոսք, և շարունակեց. - «Եթե մինչև հիմա էլ թերություններ այդ առումով եղել են, պայմանավորված է եղել հենց դրանով, որ մենք չենք ունեցել վճռական խոսքի իրավունք, մեր ծրագրերը որդեգրել են, բայց դրանք կիսատ են իրականացրել, և այլևս մենք այդ նույն ճանապարհը չենք մտնելու»։

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը՝ նախորդ անգամ Դաշնակցությունը հանդես եկավ քննադատական հայտարարությամբ, այս անգամ որևիցե հայտարարություն չեղավ, ի՞նչ կարող է ասել, Ռուստամյանը պատասխանեց. - «Նախ որովհետև զերծ ենք մնացել որևէ հայտարարությունից, որովհետև է՛ն ժամանակ տեղի ունեցավ, որ արդեն խոսել, քաղաքական հայտարարություններ կատարելը ճիշտ չէր լինի, և էդ պատճառով մենք ձեռնպահ ենք մնացել։ Հիմա էլ չեմ ուզում նորից ինչ-որ գնահատականներ տալ՝ թողնելով հարցը իրավաբաններին և դատարաններին առաջին հերթին։ Բայց ժամանակի ընթացքում, բնականաբար, մենք ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին և մեր գնահատումները կտանք»։

«Ազատության» մեկ այլ հարցի՝ կիսո՞ւմ է արդյոք Քոչարյանի կարծիքը, որ սա վենդետա է, և իշխանության բիրտ ճնշումների արդյունքում է դատարանը կայացրել կալանավորման որոշումը, դաշնակցական գործիչն արձագանքեց. - «Դա դատարանը կորոշի, և կարծում եմ, որ այս դատաքննությունը այնքան մեծ հնչեղություն և նշանակություն ունի, որ ես վստահ եմ, որ էստեղ պետք է ամեն ինչ շատ բծախնդրորեն կատարվի՝ հարգելով օրենքի տառն ու ոգին։ Սա, կարծում եմ, առաջին ամենամեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգի՝ ընդհանրապես, և նրա հեռանկարի հետ կապված՝ մասնավորապես։ Կարծում եմ, որ մենք հետագայում կունենանք ավելի հստակ ասելիք և դրա մասին մոտեցումները հրապարակավ կներկայացնենք»։

«Մենք մեր մոտեցումը պահպանել ենք և՛ էն ժամանակ, երբ որ տպավորություն էինք թողել, թե մենք պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին, էնտեղ պաշտպանելու հարցը չէր՝ մեր դատական համակարգը և արդարադատությունը պաշտպանելու հարցն էր, և էլի նույն տրամաբանությամբ ենք մենք շարունակելու՝ ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան՝ անկախ իրենց դիրքից և ունեցած մինչև այդ դիրքից: Բնականաբար, մենք սա պահպանելու ենք», - ասաց Արմեն Ռուստամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG