Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քվեարկեց «հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի»։
Նա քվեարկեց Երևանի 8/16 ընտրատեղամասում։ Փաշինյանը քվեարկության էր եկել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, և երեք դուստրերի հետ։
«Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը», - քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը:
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե «ըստ Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի, վարչական ռեսուրս է կիրառվել», Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Եթե վարչական ռեսուրսի կիրառման փաստեր պարզվեն, վարչական ռեսուրս կիրառողները կպատժվեն»։
«Ազատության» խնդրանքով անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Փաշինյանն ասաց. - «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացված դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել, և դուք, ինչպես գիտեք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է «Մարտի 1»-ի գործով որոշումների հրապարակումը, և, կարծում եմ, որ այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են, ցույց են տալիս, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի իրադարձությունների նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է, և ես համոզված եմ, որ իրական պատկերն, ըստ էության, բացահայտված է»։
Փաշինյանը հավելեց՝ Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ։
Դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց։ Նա «քաղաքական» որակեց իր կալանավորման մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։
«Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում», - հայտարարել է Քոչարյանը՝ շարունակելով. - «Պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել»։
Ռոբերտ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ ապացուցելու է իր անմեղությունը։
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր կայացրել:
Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:
Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։