Մատչելիության հղումներ

Ընտրությունը ընթանում է բնականոն ընթացքով․ ԿԸՀ նախագահ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ պարբերականությամբ կհրապարակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցության վերաբերյալ տեղեկություններ, իսկ կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Այս մասին հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը առավոտյան կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա փոխանցմամբ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 հազար 486 ընտրող: 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը արդեն իսկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, ասաց Մուկուչյանը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր Հայաստանի տարածքում քվեարկության ավարտից հետո:

Ընտրություններին մասնակցում է ինը կուսակցություն և երկու կուսակցությունների դաշինք: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված են ընդհանուր թվով 1444 թեկնածուներ։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից չորսի համապետական ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր թվով 12 թեկնածուներ, ասաց ԿԸՀ նախագահը:

Հայաստանում քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել են 2010 ընտրական տեղամասեր: Նշված տեղամասերից 12-ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում և համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների կբացվեն այսօր, սակայն ավելի ուշ ժամի: Թվով 41 տեղամասային ընտրական հանձնաժողովներ քվեարկությունը կկազմակերպեն նաև շրջիկ արկղերի միջոցով: Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր ընդհանուր թվով 1998 տեղամասային կենտրոնները:

Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, փոխանցեց Մուկուչյանը: «Տեղի է ունեցել 7 համալրում, մեկ նախագահ, երկու քարտուղար, որը ներառվում է 7-ում, սահմանված կարգով հանձնաժողովները համալրված աշխատում են», - հաղորդեց ԿԸՀ նախագահը:

Նա հիշեցրեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմվում են տասն անդամներից՝ երկու անդամ նշանակվում է տարածքային ընտրական հանձնաժողովի, իսկ մյուս ութ անդամներից յուրաքանչյուր երկուսը՝ Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների և դաշինքների կողմից:

Տեղամասային կենտրոններում գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքերի կիրառմամբ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է ընդհանուր թվով 4 հազար տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ընդհանուր թվով 505 միջազգային դիտորդներ և 17 հազար 813 տեղական դիտորդներ, որոնք ներկայացնում են 22 տեղական հասարակական կազմակերպություններ: Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 77 օտարերկրյա քաղաքացիներ:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 70 զանգվածային լրատվամիջոցների 1200 ներկայացուցիչներ և 31 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների մոտ 80 ներկայացուցիչներ:

Տվյալ պահին ընտրությունը ընթանում է բնականոն ընթացքով, ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG