Մատչելիության հղումներ

Վալերի Օսիպյանը քվեարկեց «հանուն լավ Հայաստանի»


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քվեարկեց 10/54 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Օսիպյանն ասաց, որ քվեարկել է «հանուն լավ Հայաստանի»։

Հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ոստիկանությունը, որ այս ընտրությունները տարբերվեն նախորդներից, Հայաստանի ոստիկանապետը պատասխանեց. - «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից, կարծում եմ, որ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները։ Նաև համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ, ասեմ, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք փաստել։ Տեղի չեն ունեցել որևէ արտառոց դեպքեր, իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները»։

Նշենք, որ նախքան ընտրությունները ոստիկանապետը հանդիպումներ է ունեցել պատգամավորության ռեյտինգային թեկնածուների հետ։ «Ազատության» հարցին, թե դա ինչ-որ ազդեցություն ունեցա՞վ, և ընտրակաշառքի հետ կապված տեղեկություններ, ահազանգեր ստացե՞լ են, Օսիպյանը պատասխանեց. - «Ի սկզբանե, երբ որ ես այցելեցի Արագածոտնի մարզ, Շիրակի մարզ, ինձ առաջին օրը փորձեցին քաղաքականացնել որոշ քաղաքական ուժեր, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իմ նախաձեռնությունն էր հանդիպել քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ դաշինքների թեկնածուների հետ՝ զուտ կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, քանի որ բոլորս էինք մտահոգված, որպեսզի ունենանք լավ ընտրություններ։ Ես իմ հանդիպումների ընթացքում ասել եմ, որ էնպես չի, որ ոստիկանությունը չի կարող ինքնուրույն դա անել: Դա փաստեց այն, որ Երևանի ավագանում ընտրությունների ժամանակ մենք ունեցանք անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրությունները: Ուղղակի է՛լ ավելի լավ, որակյալ ընտրություններ ունենալու համար համագործակցել ենք քաղաքական ուժերի հետ: Ուղղակի ևս մեկ անգամ ցանկություն ունեցանք, որպեսզի իրենց բացատրվեր, թե ինչը չի թույլատրվում, ինչն է թույլատրելի, որպեսզի իրենք իրենց կուսակիցներին, ընտրողներին բացատրեն․․․»

«Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել»

Նարեկ Սարգսյան, արխիվ
Նարեկ Սարգսյան, արխիվ

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարսգյանը, նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսը դեռևս Հայաստան չի տեղափոխվել:

Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին, Պրահայում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզման մեջ էր դեռևս հուլիսից:

«Ազատություն». - Դուք արդեն ունեի՞ք տեղեկություններ, որ նա կեղծ անձնագրով է շրջագայում։

Օսիպյան. - Տեսեք՝ ամիսներ առաջ, երբ որ մենք բարձրաձայնում էինք, որ մեր տեսադաշտում է, լրատվամիջոցներից ոմանք կարծում էին, որ անլուրջ հայտարարություններ եմ անում, բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց։ Ես կասեի, որ շատ լավ համագործակցություն տեղի ունեցավ մեր գործընկերների հետ՝ և՛ ոստիկանության ուժերի, և՛ «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների հետ, եվրոպական տարբեր գրասենյակների հետ, և տվեց իր դրական արդյունքը։

«Ազատություն». - Նրան արդեն տեղափոխե՞լ են Հայաստան։

Օսիպյան. - Դեռ ոչ, ընթացքի մեջ է: Համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն, և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը արդեն զբաղվում է։ Կարևորը ձերբակալվել ա: Ինքը ձերբակալված է, ձերբակալված է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, այնուհետև կարտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը։

«Ազատություն»․ - Ձեր գնահատականը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված: Նրա պաշտոնավարման օրոք Դուք ծառայել եք ոստիկանական համակարգում: Ինչպե՞ս եք սա գնահատում՝ հաշվի առնելով, որ նրա կողմից կա այդ գնահատականը, որ իր հանդեպ վենդետա է իրականացվում:

Օսիպյան․ - Էդ մասով ես ավելին չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում է դատական համակարգը, և թող դատական համակարգը որոշի, թե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր ա, թե մեղավոր չի»:

Հայաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ դեկտեմբերի 6-ին հայտնաբերվեց Պրահայում։

Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, այն բանից հետո, երբ իրավապահները վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոց և զենքեր: Բացի այդ, ԱԱԾ-ն հաղորդում է ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG