Մատչելիության հղումներ

Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում


Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ
Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Այսօր Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են: Ընտրվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության ութերորդ գումարման խորհրդարանը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:

Ազգային ժողովի առնվազն 101 մանդատներին հավակնում են 11 կուսակցություններ և դաշինքներ: Դրանք են, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում վիճակահանությամբ որոշված՝ քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարների՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը, «Իմ քայլը» դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց երկիր» կուսակցությունը,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գլխավորում են, համապատասխանաբար, Վիգեն Սարգսյանը, Սուրեն Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Լևոն Շիրինյանը, Լուսինե Հարոյանը, Արամ Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Վարուժան Ավետիսյանը և Գագիկ Ծառուկյանը: Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում:

Ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը:

Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 579 մարդ:

Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը», - ասված է երկրի Հիմնական օրենքի 89-րդ հոդվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG