Մատչելիության հղումներ

Անդրեյ Բիտովը կարծես հայ գրող լիներ Ռուսաստանում. Էդվարդ Միլիտոնյան


Անդրեյ Բիտովը մասնակցում է բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի արձանի բացման արարողության, արխիվ:
Անդրեյ Բիտովը մասնակցում է բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի արձանի բացման արարողության, արխիվ:

Դեկտեմբերի սկզբին վախճանվեց ռուս անվանի գրող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը՝ բացառիկ, ազատատենչ, անհնազանդ մի մտավորական, որն իր ստեղծագործությամբ խորհրդային տարիներին անգամ ընթերցողի համար հնարավորություն էր ստեղծում ազատ ու անկեղծ խոսք լսելու, իսկական գրողի խոսք:

Մեր մեծագույն գրողներից Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունը և նրա հետ անձնական անչափ ջերմ մտերմությունը ծնունդ տվեցին Բիտովի՝ «Հայաստանի դասերը» խորագրով հանրահայտ գրքին, որը տպագրվեց 1969 թվականին: «Եթե ես նորից ծնվեի, եթե ես հայ ծնվեի քո հողի վրա, ես քեզ՝ հայրենիքս, խենթի պես կսիրեի», - գրում է Բիտովը: Ինչպես այսօր մեր զրույցի ընթացքում շեշտում էր ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը․ - «Անդրեյ Բիտովը մեր ճանաչած այն ռուս գրողներից է, ովքեր շարունակում էին ռուս մեծագույն գորղների սերը և՛ Հայաստանի հանդեպ, և՛ նաև գործուն մասնակցություն ունեին մեր գրական կյանքին: Ասեմ, որ մենք տարբերություն չենք տեսել՝ Անդրեյ Բիտովը կարծես հայ գրող լիներ Ռուսաստանում: Ցավալի կորուստ էր»:

Ռոլանդ Շառոյանը մեր այն գրողներից է, որն անձամբ է ճանաչել Անդրեյ Բիտովին: - «Ինքը շատ մեծ մտավորական էր: Հայության և Հայաստանի ճակատագրով մտահոգ ականավոր մարդկանց մեջ մտնում էր նաև Անդրեյ Բիտովը՝ որպես մտավորական, որպես գրող, որպես գրականագետ, որպես հայասեր», - ասում է Շառոյանը:

Գրողների միության վարչության քարտուղար, գրաքննադատ Պետրոս Դեմիրճյանի խոսքով էլ․ - «Բիտովը և՛ դասեր ունի, և՛ սեր ունի մեջը, և դա սեր է հայ ժողովրդի, հայ մշակույթի, նաև, եթե վերցնենք՝ Հրանտ Մաթևոսյանի, իրենց բարեկամությունը՝ Հրանտ Մաթևոսյանի անձի և անհատականության նկատմամբ, նրա գրականության նկատմամբ: Եվ նույն ձևով հայ ժողովուրդը փոխադարձելու է սիրով»:

Անդրեյ Բիտովը Երևանի պատվավոր քաղաքացի էր և ԵՊՀ պատվավոր դոկտոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG