Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը առավել քան անհրաժեշտ էր, կարծում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս ունի նախաքննության վրա ազդելու բավարար ռեսուրսներ։
Հայաստանի երկրորդ նախագահը երեկ Վերաքննիչ դատարանի որոշմամբ կրկին կալանավորվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակում:
«Այն քրեական գործը, որը հարուցված է և որում որպես մեղադրյալ է ներգրավված Քոչարյանը, նաև այն, որ քրեական գործի հետ կապված տեղի են ունեցել ձայնագրումներ, առավել քան հիմնավորում է այն փաստարկը, որ Քոչարյանն ունի բավարար ռեսուրսներ նախաքննության ընթացքի վրա ազդելու», - ասում է իրավապաշտպանը: - «Եվ, հետևաբար, այդ քրեական գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության համար առավել քան անհրաժեշտ է Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելը»:
Մտահոգող հանգամանքներ
Միևնույն ժամանակ Արթուր Սաքունցը համոզված է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը խոսում է արդարադատության համակարգի կախյալ լինելու մասին։
«Այն, որ այդ գաղտնալսման մեջ կան մտահոգող հանգամանքներ՝ կապված դատական իշխանության անկախության հետ, ինձ համար ակնհայտ է», - ասում է Սաքունցը՝ հավելելով․ ֊ «Մյուս կողմից, դատական իշխանության նման կախյալ վիճակի մեջ ուղղակի պատասխանատվություն ունի հենց նույն Ռոբերտ Քոչարյանը և նույն Հանրապետական կուսակցությունը, որպես կառավարող կուսակցություն»:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին հրապարակվեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որում վերջիններս քննարկում են Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցի հարցը: Ավելի վաղ էլ հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը նույն թեմայով:
Քոչարյանի կալանավորման մասին երեկ հայտարարություն է տարածել նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որում մասնավորապես ասվում է՝ Նիկոլ Փաշինյանը «շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով»:
Փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել նաև Ռոբերտ Քոչարյանը՝ իր կալանավորումը հերթական անգամ որակելով որպես վենդետա։
«Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որը իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ: Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները», - հայտարարել է երկրորդ նախագահը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը վստահ է՝ հրապարակված ձայնագրության մեջ քաղաքական ենթատեքստ ապացուցող խոսակցություն չկա։ Ընդամենը վարչապետին տեղյակ են պահում երկրի կարևոր հարցերի մասին։
«Քաղաքական ենթատեքստ, բնականաբար, չկա: Իսկ ինչ վերաբերում է [Քոչարյանի պնդմանը, թե] այսօրվա իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը․ եթե Ռոբերտ Քոչարյանը կառավարելով հասկանում է 10 հոգի գնդակահարելը, ապա այսօրվա իշխանությունը երբեք չի կարողանալու իր պատկերացրած ձևով երկիր կառավարի, որ Մարտի 1 սարքի», - հակադարձում է պատգամավորը:
Երկրորդ նախագահի փաստաբանները հայտարարել են՝ դիմելու են հնարավոր բոլոր ատյաններին։ Չեն սպասելու մինչև Վճռաբեկ դատարանն իրենց բողոքները քննի, որովհետև այն չեն համարում արդյունավետ դատական ատյան և զուգահեռ դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։