Մատչելիության հղումներ

Ընտրողների վերջնական թիվը նախնականի համեմատ նվազել է 3,333-ով


Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 2 մլն 573 հազար 579 ընտրող, ինչը 9,584-ով ավելի է, քան նախորդ՝ 2017-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:

«Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը աճել է, և քանի դեռ ընտրական օրենսգիրքը այս եղանակով է նախատեսում ցուցակների պատրաստումը, որևիցե զավեշտալի բան չկա ընտրողների թվի աճելուն», - մանրամասնեց Բիչախչյանը: - «Միշտ զանգահարում են մեզ քաղաքացիներ, զանգերի մեծ մասը վերաբերում է դրան՝ մեր հարազատը, բարեկամը երկար տարիներ բնակվում է օտարերկրյա պետություններում, սակայն նրա տվյալները առկա են ընտրողների ցուցակներում: Ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դրսում բնակվող անձին նախ՝ հանել բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից, այնուհետև՝ ընտրողների ցուցակներից»:

Ըստ գտնվելու վայրի կամ այպես կոչված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է 12,549 քաղաքացի, նախորդ ընտրությունների 28,277-ի փոխարեն։ Այս ցուցակներում են նաև ընտրական հանձնաժողովների 6000 անդամները։ Լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմումների ընդունման ժամկետը լրացել է նոյեմբերի 29-ին։ Գործընթացը կատարվում է էլեկտրոնային եղանակով և ոստիկանությունից բացառում են կրկնաքվեարկությունը:

Ամբողջական ցուցակները տեղադրված են Ոստիկանության և ԿԸՀ-ի պաշտոնական կայքերում, ինչպես նաև յուրաքանչյուր ընտատեղամասի մոտ՝ տեսանելի վայրում։ Ընտրողների վերջնական թիվը նախնականի համեմատ նվազել է 3,333-ով։

«Ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական՝ նորից կատարել այցելություններ բնակարաններ, հնարավոր բոլոր մեխանիզմները գործադրվեցին, որպեսզի հայտնաբերվեն ցուցակներում անճշտություններ: Ոստիկանության ուժերով հայտնաբերվել է 2672 մահացած անձի տվյալ: Դա էլ նպաստեց նաև ընտրողների թվի նվազմանը», - մանրամասնեց Բիչախչյանը:

Ընտրության օրը իր տվյալները ցուցակում չգտնելու դեպքում քաղաքացին կարող է ներկայանալ անձնագրային ծառայություն, որտեղ նրան կտրվի տեղեկանք, որը տեղամաս ներկայացնելու դեպքում հնարավորություն կստեղծվի քվեարկել լրացուցիչ ցուցակներով։ Ընտրության մասնակցել կարելի է և՛ նույնականացման քարտով, և՛ հին նմուշի անձնագրով և բիոմետրիկ անձնագրով։ Նշված փաստաթղթերից ոչ մեկը չունենալու պարագայում քաղաքացին կարող է ներկայանալ անձնագրային վարչություն, որտեղից ստացած ինքնությունը հաստատող ժամանակավոր փաստաթղթով հնարավորություն կստանա մասնակցել քվեարկությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG