Մատչելիության հղումներ

Հայաստանցի յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջին հաշվով Վրաստանում ծախսում է 211 դոլար


Տարբեր երկրներից Վրաստան այցելող զբոսաշրջիկներից ամենատնտեսողները հայերն ու ադրբեջանցիներն են: Մյուս երկրների զբոսաշրջիկների համեմատ նրանք քիչ փող են ծախսում:

Հայաստանցի յուրաքանչյուր զբոսաշրջիկ, միջին հաշվով, Վրաստանում ծախսում է 211 դոլար, ադրբեջանցիները ավելի տնտեսող են՝ ադրբեջանցի մեկ զբոսաշրջիկը 161 դոլար է ծախսել:

Վրաստան այցելած զբոսաշրջիկների ծախսերը ի մի է բերել ու հրապարակել Forbes Georgia պարբերականը՝ հիմնվելով Ազգային վիճակագրության ծառայության տվյալների վրա: Ուսումնասիրվել է այս տարվա երրորդ եռամսյակի վիճակագրությունը, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները, որոնք զբոսաշրջության լավ շրջան են համարվում:

Վրաստանում ամենաշատը ծախսում են Արաբական Միացյալ Էմիրությունների զբոսաշրջիկները, յուրաքանչյուրը 994 դոլար: Իսրայելցիները ևս շատ են ծախսում՝ 978 դոլար: Առաջին եռյակը եզրափակում են գերմանացի զբոսաշրջիկները․ Վրաստան այցելած գերմանացի յուրաքանչյուր զբոսաշրջիկի դրամապանակի պարունակությունը նվազում է 895 դոլարով:

Ռուս զբոսաշրջիկները, որոնց մասին կարծիք կա, թե նրանք փողերը աջ ու ձախ ծախսում են, ըստ վիճակագրության՝ 6-րդն են: Ռուսաստանցի մեկ զբոսաշրջիկը Վրաստանում ծախսում է 566 դոլար, քիչ պակաս՝ ուկրաինացի զբոսաշրջիկները, իսկ Թուրքիայի մեկ զբոսաշրջիկը Վրաստանում ծախսում է 244 դոլար, ընդամենը 33 դոլար ավելի, քան հայաստանցի զբոսաշրջիկը:

Ինչի՞ վրա են ծախսում գումարները Վրաստան այցելած զբոսաշրջիկները: Նրանց ընդհանուր ծախսերի 30 տոկոսը ուտելիքի ու խմիչքի վրա է գնում, ծախսերի գրեթե 26 տոկոսը գիշերակացի համար, հանգստի, էքսկուրսիաների, մշակութային միջոցառումներին մասնակցելուն հատկացվում է ծախսերի մոտավորապես 19 տոկոսը և միայն 11 տոկոսը գնումների վրա:

2018-ի 3-րդ եռամսյակում Վրաստան այցելած զբոսաշրջիկները, ընդհանուր առմամբ ծախսել են 1 միլիարդ 100 միլիոն դոլար:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների քանակին, ապա անցած հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին ամենաշատը Վրաստան են այցելել հարևան երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից: Այդ ամիսներին Հայաստանից Վրաստան է այցելել 440 հազար զբոսաշրջիկ, սա երրորդ ցուցանիշն է Ռուսաստանից ու Ադրբեջանից հետո:

Ստացվում է, որ բացարձակ թվերով հայաստանցի զբոսաշրջիկները երեք ամսվա ընթացքում Վրաստանում գրեթե 93 միլիոն դոլար են ծախսել: Վրաստանը հայաստանցի զբոսաշրջիկներից 15-20 անգամ ավելի եկամուտ է ստանում, քան նույն Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, կամ Գերմանիայի զբոսաշրջիկներից: Ճիշտ է, նրանցից յուրաքանչյուրը մի քանի անգամ ավելին է ծախսում, քան հայաստանցի զբոսաշրջիկը, բայց ընդհանուր առմամբ այդ երկրներից մի քանի տասնյակ մարդ է այցելել Վրաստան, իսկ Հայաստանից ավելի քան 400 հազար ու որքան էլ յուրաքանչյուրը քիչ ծախսի, միևնույնն է՝ դա մեծ թիվ է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG