Նախկին իշխող ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հայտարարություն է տարածել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կապակցությամբ:
«Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել», - ասված է ՀՀԿ գործադիր մարմնի հաղորդագրությունում: - «Ակնհայտ է, որ իշխանությունը և Ն. Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումերը սաստկացնելու նպատակով», - հայտարարել է ՀՀԿ-ն:
Նախկին իշխող ուժը հավելել է, որ Փաշինյանը «շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով»:
«Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը», - ասված է հայտարարությունում:
Վկայակոչելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև աղմկահարույց գաղտնալսումները՝ ՀՀԿ-ն գնահատում է․ - «Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց: Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք»: