Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերը» վստահ են, որ «երկրորդ բևեռ» են լինելու նոր խորհրդարանում


«Սասնա ծռերը» համոզված են, որ լինելու են խորհրդարանում և կուսակցությունների համար նախատեսված անցողիկության 5 տոկոսանոց շեմի հարցը չեն էլ քննարկում:

Քարոզարշավի 12 օրերը ամփոփելով՝ «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը պնդեց, թե նոր խորհրդարանում լինելու են երկրորդ բևեռը․ - «Շեմը հաղթահարելու խնդիր ընդհանրապես չենք տեսնում: Այլ տեսնում ենք հնարավորինս լուրջ ներկայությամբ Ազգային ժողովում լինելու ռեալ հեռանկար: Հաստատ համոզված ենք, որ լինելու ենք Ազգային ժողովում, որ երկրորդ բևեռի դերը զբաղեցնելու ենք»:

«Ազատության» հարցին, թե արդյոք անցողիկ շեմը չհաղթահարելու պարագայում կբողոքարկեն քվեարկության արդյունքները, Ավետիսյանը պատասխանեց․ - «Մենք նման հեռանկար այս պահին չենք դիտարկում: «Եթե»-ների քննարկումը առհասարակ հատուկ չէ այսպիսի գործընթացներին: Մենք համոզված ենք, որ «Սասնա ծռերը» գալիս են և լինելու են»:

Դիտարկմանը, որ իրենք բազմիցս նշել են, որ ընտրություններին մասնակցում են, որովհետև իսկապես ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորություն կա, և հարցին, թե արյդոք «Սասնա ծռերը» կընդունեն քվեարկության արդյունքները՝ ինչպիսին էլ դրանք լինեն, Վաորւժան Ավետիսյանն արձագանքեց․ - «Մենք խոսեցինք ազատ ընտրությունների հնարավորության մասին: Արդար լինել-չլինելու մասին մեր տեսակետը հայտնեցինք, որ արդար դեռևս անվանելու համար ճանապարհ ունենք անցնելու: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք անցումային ենք համարում այս գալիք խորհրդարանը, և անցումային ժամանակաշրջանի էլ ծրագիր ենք ներկայացրել, և անցումային տրամաբանությամբ: «Եթե»-ներ պատմությունը չի սիրում, և մենք այդ հարցը այս պահին ուղղակի բացառում ենք»:

«Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, ում այդպես էլ քաղաքացիության խնդրի պատճառով չհաջողվեց պատգամավորության թեկնածու առաջդրվել, այսօր քարոզարշավի վերջին օրը նույնպես լավատեսորեն պնդեց՝ դեկտմբերի 9-ին ժողովորդը անակնկալ է մատուցելու․ - «Շատ լավ ցուցանիշներ ենք գրանցելու: Ավելին՝ ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը հերթական անգամ անակնկալ է մատուցելու բոլորիս, դրական իմաստով»:

«Սասնա ծռերն» այսօր ևս շեշտեցին, որ իրենց պատկերացմամբ, ընտրություններից 2 տարի հետո, Հայաստանը կունենա նոր Սահմանադրություն, նոր Ընտրական օրենսգիրք, քաղաքական դաշտը կբարեփոխվի և առանց կրիմինալի ներկայության քաղաքական առողջ ուժերը կմասնակցեն ընտրություններին:

Ըստ «Ծռերի», Հայաստանն այժմ գտնվում է անցումային փուլում, և բնական է, որ անցումային ժողովրդավարության շրջանում բազմաթիվ թերություններ կարող են լինել: Մասնավորապես, չփոփոխվեց «Կուսակցությունների մասին» օրենքը և Ընտրական օրենսգիրքը, ինչը որոշակի սողանցքներ թողեց օլիգրախիայի համար: Այնուամենայնիվ, ինչպես նշեց Գարեգին Չուքասզյանը, առաջիկա ընտրությունները աննախադեպ են, և անգամ ստեղծված անհավասար պայմաններում ժողովուրդը հնարավորություն կունենա ազատ և արդար ընտրություններ անցկացնել:

Ի դեպ, նկատենք, «Սասնա ծռերը» իրենց ասուլիսն ու ամփոփիչ համաժողովն այսօր անցկացնում էին Կառավարության նիստերի դահլիճում: Միջոցառմանը մասնակացող կուսակցության անդմաներն ու համակիրները մինչև շենք մտնելը անվտանգության աշխատակիցների կողմից մանրակրկիտ զննության էին ենթարկվում՝ մետաղորսիչ սարքերի միջոցով:

2016-ին, «Սասնա ծռեր» խումբը զինված հարձակում էր իրականցրել ՊՊԾ գնդի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG