Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում «Իմ քայլի» և «Մենք»-ի կողմնակիցների մասնակցությամբ միջադեպի փաստով


Ոստիկանության Կենտրոնի և Նոր Նորքի բաժիններում նյութեր են նախապատրաստվում «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների հաղորդումների հիման վրա, ընդ որում՝ դաշինքների բողոքները միմյանց դեմ են:

Ըստ «Իմ քայլը» դաշինքի անդամ Մեսրոպ Պապիկյանի, իր համակիրները նկատել են, որ «Մենք»-ի ակտիվիստները Նոր Նորքի 6-րդ զանգվածում իր պաստառներն են փչացնում․ - «Մոտեցել են, փորձել են հասկանալ, «Մենք»-ի անդամներն իրենց ագրեսիվ են պահել, հարվածել են, ձեռին են խփել, դեմքին են փխել, հեռախոսը ձեռից ընկել ա»:

«Մենք» դաշինքի հանրապետական ցուցակի երրորդ համար Անժելա Խաչատրյանը հերքում է, թե իրենց համակիրները ծեծել են Պապիկյանի թիմակցին․ - «Աղջիկներին շատ տգետ տոնով ասել են՝ դու ձայնդ կտրի, աղջի․․․ Թե ինչ ընդհարում ա եղել, չգիտեմ․․․ ու քաշքշուկ է եղել է ընդամենը: Այն հայտարարությունները, որ ծեծ ա եղել, մարմնական վնասվածք, դա իրականության չի համապատասխանում: Թեթևակի քաշքշուկ ա եղել»:

Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, որ կատարվածից հետո երկու դաշինքների ներկայացուցիչների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել և միջադեպը սպառված են համարել:

Սակայն երեկոյան «Իմ քայլի» անդամներ ներկայացած քաղաքացիները, ըստ Խաչատրյանի, ոստիկանների ուղեկցությամբ ներխուժել են «Մենք»-ի կենտրոնական գրասենյակ․ - «Առանց թույլտվության, առանց ներկայանալու, մտել են տղայական ինչ-որ հարցեր պարզելու: Մեր համար դա անընդունելի է»:

Շտաբ ներխուժածների մեջ, Խաչատրյանի խոսքով, նաև քաղաքացիական հագուստով ոստիկան է եղել:

Մեսրոպ Պապիկյանը հաստատեց, որ ոստիկանների ուղեկցությամբ գնացել են մրցակից ուժի շտաբ․ - «Ոստիկանության հետ մեզ հրավիրեցին իրենց շտաբ․․․ Արտակ Զեյնալյանը»:

«Ազատության» հարցին, թե ինչու գնացին հակառակորդ ուժի շտաբը, եթե ամեն դեպքում դիմելու էին ոստիկանություն, Պապիկյանն արձագանքեց․ - «Բա չիմանայի՞նք ինչ ա կատարվել»:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Նոր Նորք վարչական շրջանում միջադեպին մասնակից անձի ինքնությունը պարզվել է, նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Պարզվել են նաև «Մենք» դաշինքի շտաբ այցելած անձանց ինքնությունը։ Միջադեպի հանգամանքները պարզվում են:

«Մենք» դաշինքից պատգամավորության թեկնածու Անժելա Խաչատրյանը հույս է հայտնում, որ կընթանա արդար քննություն և ամեն ինչ կհարթվի․ - «Դա եղել են թեկնածուների շտաբերի աշխատակիցները: Մենք՝ երկու ուժը միասին, իրար դեմ ոչ մի խնդիր չունի, թեկնածուները իրար հետ որևէ խնդիր չունեն: Կոչ եմ անում մեր գործընկերներին, բոլորին անիմաստ չլարել իրավիճակը, որպեսզի ունենանք խաղաղ, առանց ցնցումների և առանց որևէ միջադեպերի ընտրություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG