Մատչելիության հղումներ

Երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ. Նիկոլ Փաշինյան


Երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ, այսօր Գյումրիում՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, պաշտոնական միջոցառման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե մինչև հիմա աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը և բացումը, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ, և երբ ասում ենք՝ աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք ոչ միայն մարդկանց բնակարանային կարիքների վերականգնումը, ոչ միայն դպրոցների ու մանկապարտեզների, հանրային նշանակության այլ օբյեկտների վերականգնումը, այլև վերականգնումն այն ողջ տնտեսական հզորության, այն ողջ տնտեսական պոտենցիալի, որ գոյություն է ունեցել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում և ընդհանրապես աղետի գոտու ողջ տարածքում», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ թեև երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը։

«Աղետի պատճառած ամենամեծ վնասը թերևս մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին։ Երբ ասում ենք աղետի գոտի, առաջինը հենց սա պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինչքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, ինչքանով է վերականգնված հույսը, որ զոհվածների կիսատ թողնված գործերը և երազանքները կդառնան իրականություն։ Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է առավել կարևորը և անհրաժեշտ։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են և պիտի ծառայեն այս նպատակին՝ մարդկանց հույսը, վստահությունը, լավատեսությունը վերականգնելուն։ Ես համոզված եմ, որ մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն շաբաթ պետք է լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատը և վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի և իրենց երեխաների ապագայի նկատմամբ, որ նրանք պետք է կապեն Հայաստանի Հանրապետության հետ», - ասաց Փաշինյանը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։ Եվ մինչ օրս կան բազում չլուծված հարցեր․ աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG