Այսօր աղետի գոտին պետք է ամբողջապես վերականգնված լիներ, բայց ֆինանսներն անարդյունավետ ծախսելու հետևանքով կանգնել ենք կոտրած տաշտակի առջև։ Այսպիսի համոզմունք է հայտնում Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով անցած 30 տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել մարզում։ Վերջին 10 տարիներին աղետի գոտու հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման, բնակարանների կառուցման և բաշխման պետական հանձնաժողովի անդամ է։
Բոլոր անցած տարիներին անմիջականորեն մասնակից լինելով աղետի գոտու ծրագրերին, Ասլանյանն ասում է՝ երկրի ղեկավարները տարեցտարի հետաձգել են աղետի գոտու խնդիրների լիարժեք լուծման վերջնաժամկետները․ - «Մի տարի հանրապետության երրորդ նախագահն ասում էր՝ 2011 թվականը վերջնաժամկետն է, մյուս տարին դա սահուն նույն նախագահի արտահայտությամբ անցնում էր 2012, 2013, 2014, 15․․․ Ինչքա՞ն կարելի էր խաբել մարդկանց, ինչքա՞ն: Հիմա ինչպե՞ս են էդ նույն մարդիկ ձգտում հետ գալ իշխանության՝ որ ի՞նչ ասեն աղետի գոտու ժողովրդին, ի՞նչ ասեն»:
Լոռու մարզպետի խորհրդականը նշում է, որ խորհրդային երկրներից ժամանած շինարարների հեռանալուց հետո ամենաինտենսիվ շինարարությունն իրականացվել է 2009-2013 թվականներին՝ Ռուսաստանից ստացած խոշոր վարկի հաշվին։ 500 միլիոն դոլարի կեսը առանձնացվել էր աղետի գոտում անօթևան մնացած 6 հազար ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։ Լոռու մարզի 2 հազար 221 անօթևանների միայն կեսի համար կառուցվեց բնակարան, փաստում է Լևոն Ասլանյանը։
«Հաշվարկները ցույց էին տալիս, որ այդ գումարը բավական է, որ մենք աղետի գոտում գյուղական և քաղաքային բնակավայրերում վերջ տանք բնակարանաշինությանը: Բայց եկեք տեսեք, ինչպես Պուշկինն է ասում՝ ջարդված տաշտի առաջ ենք կանգնած: Ինչպե՞ս եղավ, որ այդ գումարը չբավարարեց», - ընդգծեց մարզպետարանի պաշտոնյան:
Հետագայում կարիքավորների մի մասը պետությունից ստացել են բնակարանների գնման էժան վկայագրեր, մի մասի դեպքում պատասխանատուները որոշել են, որ նրանք չպետք է ընդգրկվեին բնակարանի կարիք ունեցողների ցուցակներում, և աղետից տուժած անօթևանների թիվը նվազեցվել է։
Այսօր պաշտոնական տվյալներով պետությունը քաղաքներում որևէ պարտավորություն այլևս չունի։ Գյուղական բնակավայրերի ցուցակներով դեռևս 524 տուն պետք է կառուցվի, որի կեսից ավելին՝ Լոռու մարզում։
1998-99 թվականներին մարզպետի պաշտոնն զբաղեցրած Ստեփան Այվազյանը, ով ավելի ուշ պետական այլ պաշտոններ է զբաղեցրել, պնդում է՝ վերջին գրեթե 20 տարիներին աղետի գոտում իրականացված բոլոր շինարարությունների դեպքում շինարարները պատվիրատուի հատկացրած գումարի 10-15 տոկոսը կանխիկ ետ են վերադարձրել՝ որպես կաշառք, այսպես կոչված՝ «ատկատ»։ Նախկին մարզպետն էլ առանձնացնում է 1998-2006 թվականները, երբ շինարարությունները հիմնականում իրականացվել են «Լինսի», Սոցիալական ներդրումների և «Հայաստան» հիմնադրամների ու պետական բյուջեի հաշվին։
«Նպատակային սկզբից նախահաշիվները կազմված էր էնպես, որ բարձր գներով լինի, և շինարարը շահելու դեպքում պետք է անպայման պատվիրատուին իրենց 10-15 տոկոսը պահանջված կանխիկ գումարով հետ վերադարձներ: Էդ 98 թվականի սկսած շինարարական աշխատանքները տևեց 8 տարի: Այ էդ 8 տարվա ընթացքում եթե հաշվենք՝ ինչքան ներդրում է եղել, դրանց 10-15 տոկոսը երևի տասնյակ միլիոն դոլարներ կլիներ դեռ կոնկրետ մեր մարզի համար», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Այվազյանը:
Նախկին մարզպետը համոզված է՝ ուսումնասիրությունների դեպքում շատ արագ կարելի է համեմատել կատարված ծախսերն ու աշխատանքը և գնահատել իրավիճակը:
«Եթե որևէ մարզպետ՝ սկսած ինձանից, դա կփորձի հերքել, էդ փաստաթղթերը լրիվ մնում են: Էնպես որ, չի կարող ոչ մեկը հերքել, ասել՝ էդպիսի բան չի եղել: Ու դա արվում էր, գիտե՞ք, պետական կառույցների շենքերով․ պատվիրատուն ո՞վ է, ասենք՝ մարզում մարզպետն է լինում, քաղաքապետն է լինում, չէ՞, էդ ատկատները էդ շենքերում են էդ հարցերը լուծվում՝ պատվիրատուի հետ: Եվ գիտե՞ք, էն ժամանակ բաժանումներ եղան՝ մարզպետը ինչքանի պատվիրատուն լինի, տարեկան մի միլիարդ, երկու միլիարդ տրվում էր մարզպետարանին, որ ինքը տեղում պատվիրատու լինի, նախարարությունը ինչքան պատվիրատու լինի․․․», - նշեց Այվազյանը:
1988-ի երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակում, որտեղ վերջին տարիներին իշխանությունները համարել են, որ աղետի հետևանքներն արդեն վերացված են, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Լոռի այցի ժամանակ բնակիչները նշում էին, թե սպասելիքներ ունեն՝ գոնե 30 տարի անց վերջնականապես լուծված տեսնել իրենց խնդիրները:
Գործող կառավարությունն իր ծրագրերում նշել է, որ աղետից տուժածների խնդիրը կլուծեն առաջիկա երկու տարիներին: Անցած ամիս պետական բյուջեից 460 միլիոն դրամ հատկացվեց Լոռու մարզում 44 կիսաշեն տուն ավարտին հասցնելու համար՝ հաջորդ տարվա գարնանը կսկսվի շինարարությունը: