Մատչելիության հղումներ

«Դեռևս պետք է լուծել 498 անօթևան ընտանիքի հարցը». Էլոյան


Աղետի գոտու բնակավայրերում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանով ապահովման ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և այլ բնակավայրերում շահառու է ճանաչվել 5 հազար 381 ընտանիք, որոնցից 4 հազար 839 ընտանիքն ապահովվել է բնակարանով 2008-ից 2017 թվականների իրականացված ծրագրերի հաշվին։ Այդ մասին Գյումրիում՝ կառավարության արտագնա նիստի ժամանակ զեկուցեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։

Ընդհանուր գումարն, ըստ Էլոյանի, կազմել է 65 միլիարդ դրամ։

«Հայաստանի կառավարության 2018-ից 2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականն ավարտին հասցնել մնացած 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտականությունների կատարումը։ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված էր 460 միլիոն դրամ՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կիսակառույց 44 ընտանիքների բնակապահովմանը, այն կավարտվի մինչև 2019 թվականի մարտը։ Արդյունքում դեռևս պետք է լուծել 498 անօթևան ընտանիքի հարց, որը ընդհանուր առմամբ կկազմի 3.5 միլիարդ դրամ։ 2019 թվականի պետական բյուջեով արդեն նախատեսված է 560 միլիոն դրամ աշխատանքների համար», - ասաց Էլոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG