Կառավարությունը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Այն նվիրված է երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Նիստի օրակարգում երեք հարց է ընդգրկված։
Նախքան օրակարգի հարցերին անցնելը Փաշինյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը։
«Այսօր լրանում է 88 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Զոհ գնացին մեր շուրջ 25 հազար հայրենակիցներ։ Մինչ կառավարության նիստը սկսելը խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը», - ասաց Փաշինյանը։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:
Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։ Եվ մինչ օրս կան բազում չլուծված հարցեր․ աղետի գոտին դեռ ամբողջովին չի վերականգվել, հազարավոր մարդիկ դեռ տնակներում են ապրում: