Մատչելիության հղումներ

Այս ընտրապայքարը գաղափարական էր, սև ու սպիտակ փորձում էր դարձնել ՀՀԿ-ն․ Էդմոն Մարուքյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի նախավերջին օրն անցկացրեց Երևանի կենտրոնում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի նախավերջին օրն անցկացրեց Երևանի կենտրոնում: Առավոտյան թռուցիկներ բաժանեցին, իսկ կեսօրն անց երթով ամփոփեցին ընտրարշավը:

«Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակի 2-րդ դեմքը՝ Մանե Թանդիլյանը, քարոզարշավի ընթացքում ընտրողներին դեմ առ դեմ իրենց անելիքները ներկայացնելով՝ համոզվել է, որ քաղաքացիներն այս անգամ գիտակցված ընտրություն են կատարելու:

«Պետք է հորդորեմ մեր շատ սիրելի քաղաքացիներին, որ անպայման մասնակցեն։ Սա մեր պետության համար կարևորագույն օր է՝ հետհեղափոխական Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրություններն են», - ասաց Մանե Թանդիլյանը։

Կասկած չունեն՝ խորհրդարան անցնելու վստահության քվե կստանան: Հավակնում են դառնալ իշխանության գլխավոր ընդդիմախոսը՝ խորհրդարանական 2-րդ ուժը: Եթե այս տեղը զբաղեցնի ոչ թե «Լուսավոր»-ը, այլ հին քաղաքական ուժերից որևէ մեկը, դա կնշանակի քաղաքական համակարգը չի առողջացել: Կարծում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, բազմապատկենք այս էֆեկտը, ամեն ինչ անենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լինի երկրորդ քաղաքական միավորը։ Այլապես, եթե 2000-ականներից եկած քաղաքական համակարգը պահպանվում է, և այն ուժերը, որոնք եղել են Հանրապետական կուսակցության գործընկերները, կիսել են պատասխանատվությունը, ընտրել են Սերժ Սարգսյանին, նրանք նորից Խորհրդարանում դերակատարում են ստանձնում, ուրեմն քաղաքական համակարգը չի առողձացել», - նշեց Մարուքյանը։

Հետհեղափոխական Հայաստանի առաջին համապետական ընտրության քարոզարշավից Մարուքյանը գոհ է: Իր տպավորությամբ՝ գաղափարական պայքարը ստացվել է:

«Այո, եղավ գաղափարական պայքար, մենք մեր գաղափարները ներկայացրել ենք, մեր մոտեցումները ներկայացրել ենք, որ գյուղում, որ քաղաքում, որտեղ կանգնում ենք ժողովուրդն ասում է դուք պետք է լինեք երկրորդը։ Եթե մենք մեր գաղափարները չենք հասցրել մարդուն, քաղաքացուն, էդ ոնց է քաղաքացին ասում, այո, դուք պետք է լինեք երկրորդը», - ընդգծեց նա։

Համամիտ չէ այն քննադատությունների հետ, որ նախընտրական պայքարը միայն սև ու սպիտակի՝ նախկին ու ներկա իշխանության միջև էր. «Սև ու սպիտակը փորձում է լինել Հանրապետականը։ Ասում է՝ հա, մենք ենք սև ու սպիտակը, դրա համար ուզում է
ձայն տանի, բայց սևը վատ գույն չի, ասեմ ձեզ։ Իրենք անգամ սևը չեն։ Այ հիմա ժողովուրդը ցույց կտա Հանրապետականին իրա տեղը։ Որ չմասնակցեր կարող է Վիգեն Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանը ասուլիս անեին, ասեին՝ մենք 60 տոկոս ձայն ունեինք, բայց դե թողինք ձեզ, տարաք։ Այ թող մասնակցեն, որ տեսնեն, ինչքան ձայն ունեն։ Այսինքն էսքանից հետո, եթե Հայաստանում մարդ կա, որը թեկուզ ռեյտինգայինի խաթր, գնալու է ընտրի Հանրապետականին, թող գնա ընտրի։ Բա ուր գնում ենք, կարգնենք ժողովուրդն ասում է՝ մենք, արդեն, հերիք ու բոլ եղավ, հուսալքված էինք, հիմա հույս կա։ Հիմա տեսնենք էդ հույսը պետք է արձանագրեն, պետք է կապիտալիզացնեն մարդիկ։

Էդմոն Մարուքյանը քաղաքական մշակույթի ձևավորման տեսանկյունից առանձնացնում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում քաղաքական ուժերի առաջնորդների բանավեճը: Այն աննախադեպ էր: Ընտրություններին մասնակից բոլոր ուժերի առաջնորդներն ուղիղ եթերում իրենց ասելիքով ներկայացան ընտրողին: Ըստ Մարուքյանի՝ ստացված էր և ընտրողի քվեի համար որոշիչ:

«Բանավեճից հետո, այսօր առաջին օրն է չէ՞, մարդկանց արձագանքը դուք ուղղակի չեք պատկերացնում ամեն երկրորդ, ամեն երրորդ մարդը ասում էր Ձեզ ենք ընտելու։ Այսինքն բանավեճը նայել էին, մոտենում էին իրենց կարծիքն էին հայտնում, որ հալալ ա Ձեզ, Ձեր դուխին և այլն։ Ես հիմա չեմ ուզում բան անեմ, բայց ես կարծում եմ, որ բանավեճը ևս մի հնարավորություն էր հինն ու նորը զատելու», - նշեց Էդմոն Մարուքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG