ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել կառուցողական ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ և հույս հայտնում, որ երկու երկրների առաջնորդների միջև հանդիպումները կվերականգնվեն մոտ ապագայում:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ երեկ Միլանում տեղի ունեցած բանակցություններից հետո՝ այսօր տարածած համատեղ հայտարարությամբ, խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահները ողջունում են շփման գծում հրադադարի խախտման դեպքերի զգալի նվազումը, արձանագրելով, որ այն տեղի է ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած զրույցից հետո:
Միջնորդները դիմել են կողմերին՝ հորդորելով շարունակել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և հստակ քայլեր ձեռնարկել՝ իրենց քաղաքացիներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:
Ընդգծելով, որ Մնացականյանի և Մամեդյարովի միջև տեղի ունեցած վերջին հանդիպումը անցել է դրական մթնոլորտում՝ միջնորդները հույս են հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ակտիվ արդյունքների միտված բանակցությունները շուտով կվերսկսվեն՝ հակամարտության արդար և տևական կարգավորումը գտնելու համար: Մինչ այդ, ըստ հայտարարության, արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հերթական՝ արդեն չորորդ հանդիպումն անցկացնելու մասին: