Մատչելիության հղումներ

Ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդումից, դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել 4-ով


Գլխավոր դատախազության ուսումնասիրած՝ ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդումից, դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել 4-ով, իսկ 36-ով՝ կատարել ստուգողական գործողություններ։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մանրամասնում է, թե որոնք են այդ 4 գործերը․ - «Հրապարակումը վերաբերում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի խոչընդոտելուն։ Անհայտ անձիք խոչընդոտել էին իրենց քարոզարշավը։ Մի հոդված վերաբերում է «ՀՀԿ-ական թեկնածու, նախկին մարզպետը եղբոր հետ ուղղորդում է գյուղապետերին և ինչո՞ւ են շրջում տաքսիներով» «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, և մյուսը «Հրապարակ» օրաթերթի հրապարակումն է՝ «Նովոն գյուղապետերին հրահանգել է քարոզչություն անել իր որդու օգտին»։ Երեք հրապարակում և նաև մեկ դիմում «Ականատես» դիտորդական առաքելության կողմից։ Իրենց հայտարարությունն է կեղծ դիտորդական առաքելության վերաբերյալ։ Նաև «Հետք»-ն էր հոդված հրապարակել սրա վերաբերյալ։ Սրանք ևս ուղարկվել են, որպեսզի 181-րդ հոդվածով նյութեր նախապատրաստվեն»։

Խաչատրյանի նշած գործերից մեկը վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավի խոչընդոտմանը, որը չձայնագրվելու պայմանով ասաց, որ Մրգաստանի գյուղապետի թեկնածու ներկայացած մի տղամարդ վեճ է հրահրել, հետո քարեր նետել իրենց հետևից: Արդեն գյուղապետարանում պարզել են, որ որպես գյուղապետի տեղակալ գրանցված է այդ տղամարդու կինը, ոչ թե ինքը: «Իմ քայլը» կուսակցության ԱԺ պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզչական խմբի անդամ Մերի Վարդանյանը միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով դիմել էր հանրությանը: Ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է այս գործը։

«Հայրենակիցներ մենք այժմ գտնվում ենք Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում։ Եկել էինք քարոզարշավ անելու, մեզ էստեղ շատ վատ դիմավորեցին։ Մրգաստանի գյուղապետարանի աշխատողը, գյուղապետի տեղակալը սադրանքներ էր անում և հարձակվել էր մեր քրոզարշավի վրա։ Ես չեմ պատկերացնում, կարող է ժամանակահատվածում «Իմ քայլը» դաշինքի դեմ մարդիկ դուրս գան, նույնիսկ պատգամավորի թեկնածուն հաշվի չառնեն, որ կին է», - ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Մերի Վարդանյանը։

Դատախազությունն ուսումնասիրում է նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպը: Կուսակցության պաշտոնական էջում գրված է. - «Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձինք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»:

Արարատի մարզում էլ միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Տիգրան Պարսիլյանի համակրի և մարզպետ Գարիկ Սարգսյանի օգնականի միջև: Մարզպետն իր պաշտոնական էջում հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե միջադեպը տեղի է ունեցել իր մասնակցությամբ և իր մեղքով: Ըստ Գարիկ Սարգսյանի գրառման՝ միջադեպից հետո իր օգնականը բացատրագիր է ներկայացրել ոստիկանություն ու ազատվել աշխատանքից:

Այս թեմայով լրագրողներ հարցերին ի պատասխան՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դատապարտում է բռնությունն առահասարակ. «Բռնությունը մեզ համար, ընդհանրապես, որևէ հարաբերություն պարզելու որպես գործիք անընդունելի է և ով, որ իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, նա պետք է ենթարկվի պատասխանատվության, իհարկե, ինչ-որ օրենքն է նախատեսում»։

Դատախազության ուսումնասիրած գործերից 5-ով ենթադրյալ իրավախախտման փաստը չի հաստատվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս օրերին Գյումրիում և որոշ այլ գյուղաբնակ վայրերում փորձում է կաշառք բաժանել» այս վերնագրով լրատվամիջոցներում հրապարակված հոդվածի իսկությունը պարզելու համար դատախազությունն այն ուղարկել է ոստիկանություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG