Մատչելիության հղումներ

Երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը կհնչեն Եկմալյանի պատարագը, Մոցարտի և Վերդիի ռեքվիեմները


30 տարի առաջ մեր ժողովրդին պատուհասած, տասնյակ հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձած դեկտեմբերյան ահեղ երկրաշարժի սոսկալի հետևանքներից մինչև այժմ Գյումրին, Սպիտակն ու Վանաձորը՝ իրենց հարակից գյուղերով ու ավաններով, ամբողջովին ուշքի չեն եկել:

Ու թերևս ամեն տարի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցող հոգևոր, մշակութային նախաձեռնությունները, եթե չասենք փոքր-ինչ ամոքում, ապա գոնե հոգեկան կորով են պարգևում այն մարդկանց, ովքեր այդ ողբերգական օրը կորցրել են իրենց ամենամտերիմներին՝ ընտանիքի անդամներին, հարազատներին ու բարեկամներին:

Իհարկե, նրանց վիշտը ոչինչ չի կարող ամոքել, բայց բարձրարվեստ երաժշտությունը կարող է փոքր-ինչ խաղաղեցնել նրանց հոգեկան տառապանքները:

Այս տարի Մշակույթի նախարարությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ ուշագրավ նախաձեռնություններով է հանդես եկել:

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում դեկտեմբերի 7-ին կհնչի Մակար Եկմալյանի պատարագը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Նույն օրը Սպիտակ քաղաքի Մշակույթի տանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հանդես կգա երկրաժարժի 30-ամյա տարելիցին նվիրված համերգային ծրագրով:

Իսկ Գյումրիի «Սև բերդ» ամրոցում 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի զոհերի հիշատակին ժամը 3-ին կհչի Մոցարտի աշխարհահռչակ «Ռեքվիեմը»՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Գյումրիի երաժշտական կոլեկտիվների ու մենակատարների մասնակցությամբ: Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոյանի ղեկավարությամբ, Պետական կամերային և «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, օպերային թատրոնի լավագույն մենակատարները:

Դեկտեմբերյան երկրաշարժի 30-րդ տարելիցին էր նվիրված Երևանում տեղի ունեցած Պետական կամերային նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հաներգը, որին մասնակցում էին մեր լավագույն մենակատարները՝ Իրինա Զաքյանը, Գրետա Բագիյանը, Կիմ Սարգսյանը և այլք: Հնչեց Բրուքների հանրահայտ «Ռեքվիեմը»՝ նվիրված երկրշարժի զոհերի հիշատակին :

Իսկ դեկտեմբերի 6-ին և 7-ին մայրաքաղաքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Սպիտակի ահեղ երկրաշարժի զոհերի հիշատակին կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»՝ իտալացի անվանի բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ և մեր լավագույն մենակատարների մասնակցությամբ՝ Կոնստանդին Օրբելյանի ղեկավարությամբ: Վերդի «Ռեքվիեմը» կուղեկցվի Միքելանջելոյի «Սիքստինյան կապելայի» որմնանկարների եռաչափ պատկերային տեսաշարով, որի մտահաղացումը նույնպես Պաոլո Միչիկեինն է: Վերդիի «Ռեքվիեմի» այս չափազանց ուշագրավ ներկայացումը՝ «Ահեղ դատաստան» խորագրով, նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG