«Նիկոլ Փաշինյանի ու Վիգեն Սարգսյանի բանավեճը գաղափարական արժեք չուներ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը:
Երեկ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին հարց ուղղելիս Արամ Սարգսյանը փորձել էր պարզել՝ լավ իշխանությունը վատ ընդդիմություն, իսկ լավ ընդդիմությունը վատ իշխանություն կարո՞ղ է դառնալ:
«Ես նկատի ունեի Հանրապետականին, որովհետև իրենք վատ իշխանություն են եղել, դրա համար ժողովուրդը մերժել է իրենց։ Էդ վատ իշխանությունը չի կարող լավ ընդդիմություն դառնալ։ էդ էլ էդ իմաստն ուներ, որ Դուք [Փաշինյանը] ու Ձեր թիմը ինչո՞ւ եք բանավիճում անընդհատ Հանրապետականի հետ։ Դուք ի՞նչ է՝ ուզում եք, որ իրենք ընդդիմություն դառնան, դուք ինչո՞ւ եք իրենց որպես ընդդիմություն կայացնում։ Բանավեճի վերջում ի՞նչ ասացի, ասացի՝ դուք էդ ինչ կռիվ եք անում, ով ինչ թվեր է բերել, ով ինչ թվեր է տանում, ով է Պուտինի հետ մոտիկ, ով է Պուտինի հետ ավելի լավ, ում դատախազությունն է ավելի արդար։ Վիգեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանավեճը հենց էդ դաշտում էր, էդտեղ զրո գաղափար էր։ Որևէ գաղափարական արժեք, որևէ մոտեցում որպես էդպիսին հիմնավոր՝ չկար», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արամ Սարգսյանը։
«Մենք»-ը միակ իսկական ընդդիմությունն է», - պնդում էր դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանը՝ ընդգծելով, թե ՀՀԿ-ն սև PR է իրականացնում իրենց դեմ: Պատգամավորի թեկնածուն ցույց տվեց մի նկար, որտեղ Հանրապետականի սև ու սպիտակ գովազդային պաստառի վրա իր նկարն էր մոնտաժված:
«Օրինակ սա հստակ մեսիջ է՝ սև PR է: Սա օրենքի խախտում է, բայց մենք սրան շատ հումորով ենք վարվում և փիլիսոփայորեն։ Հանրապետականները ուզում են մեր միջոցով իրենց քարոզչությունն անեն։ Մեզ չեն կարող անգամ այդ ցանկության դեպքում նույնականացնել հանրապետականների հետ, որովհետև մենք ամբողջ կյանքը ի տարբերություն շատ-շատ քաղաքական ուժերի ո՛չ համագործակցել ենք իրենց հետ, ո՛չ որևիցե աղերս ունենք ընդհանրապես իրենց մոտեցումների հետ։ Միշտ պայքարել ենք իրենց դեմ՝ սկսած «Մարտի 1»-ից, նախորդած դեպքերից։ Հայաստանում չի եղել մի ընտրություն, որտեղ մերոնք ուղղակի չեն տուժել այդ գործողությունների ընթացքում, նկատի ունեմ տոտալ բռնություններ, նկատի ունեմ քաղբանտարկյալներ, որ մեր շարքերում են, մեր ցուցակում են, որոնք գնահատականը ես չեմ տվել, Եվրամիության դատարանն է տվել», - նշեց Խաչատուր Քոքոբելյանը։
Ի պատասխան «Ազատության» հարցին՝ Ձեր խոսքում այսպիսի մի միտք հնչեցրիք, որ որոշ կուսակցությունների տրվել են ծրագրեր, տրվել են գումարներ, որ մասնակցեն, կասե՞ք, որ ուժերին նկատի ունեք, Քոքոբելյանն ասաց. - «Ես հակափիառով չեմ զբաղվում։ Հավատացած եղեք ես վստահ եմ, որ դուք էլ եք իմանում։ Կա՞ մեկը, որ չգիտի՝ ում ով է ֆինանսավորում»։
Դաշինքն այսօր իր քարոզարշավն իրականացնում էր Արարատի մարզում: Առաջին կանգառը Մասիսն էր: Համամասնական ցուցակի եռյակը գլխավորող պատգամավորի թեկնածուները հրապարակում իրենց ծրագիրը ներկայացրեցին, հետո բակ առ բակ շրջելով բնակիչներին բուկլետներ բաժանեցին, մարդանց հարցերին պատասխանեցին:
«Փողը դրսում է, փողը Եվոպայում է, փողը Միացյալ Նահանգներում է, նոր գործարաններ դնում են իրենք, դրա համար մենք գտնում ենք, որ մեր զարգացման ուղին եվրոպական մոդելի, արևմտյան մոդելի պետություն դառնալն է։ Խոսում են, անընդհատ ասում, վախեցնում հայ-ռուսական հարաբերություններով։ Չի կարելի։ Մենք հստակ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կլինի Ռուսաստանում, կլինի դա Եվրամիությունում, կլինի որ երկրում, միևնույն է պետությանը պետք է այնպես կարողանա անի, որ մեր քաղաքացու անձնագիրը, նրա արժանապատվությունը պաշտպանի», - ասացին «Մենք» դաշինքի թեկնածուները։