Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է՝ ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1 միլիոն դրամ կաշառք:
Ըստ մեղադրանքների, ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ն, բաժնի պետ Ս. Է.-ի հետ նախնական համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊ ընկերության սեփականատիրոջից խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ, 2018 թվականի հոկտեմբերի 15-ին հանդիպել են վերջինիս և նրան անհիմն մեղադրել ընկերությունում մի շարք խախտումներ կատարելու մեջ:
«Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ հետագա հանդիպումների ընթացքում կրկին խոսակցություն է ծավալել վերջինիս ընկերությունում իբր առկա խախտումների մասին, ապա շորթմամբ՝ ընկերության գործունեությանը խոչընդոտելու, իրականում գոյություն չունեցող խախտումներն ի հայտ բերելու սպառնալիքով նրանից անձամբ պահանջել է խոշոր չափերով կաշառք։ Այնուհետև Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր, բաժնի պետի և գլխավոր հարկային տեսուչի կողմից ընկերության գործունեությանը չխոչընդոտելու դիմաց 1.000.000 դրամ կաշառք ստանալու վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՀՔԾ-ի, պայմանավորվածության համաձայն, «հոկտեմբերի 22-ին Ս. Ա.-ն իր աշխատասենյակում հանդիպել է ընկերության սեփականատիրոջը և նրանից անձամբ ստացել խոշոր չափերով՝ 1 միլիոն դրամ կաշառք, ինչից անմիջապես հետո զանգահարել է բաժնի պետ Ս. Է.-ին՝ վերջինիս և ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու և տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով, սակայն հեռախոսային խոսակցության պահին Ս. Ա.-ն բռնվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից»:
Նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ս. Ա.-ին, Վ. Լ.-ին և Ս. Է.-ին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ (Խոշոր չափերով կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: