Մատչելիության հղումներ

«Մենք»-ը և ՀՅԴ-ն քարոզարշավի 10-րդ օրը անցկացրեցին Գեղարքունիքի մարզում


Նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը Գեղարքունիքում անցկացրեցին «Մենք» և ՀՅԴ քաղաքական ուժերը։

«Մենք» դաշինքը ներկայանում է որպես արևմտյան արժեքների հետևից գնացող քաղաքական ուժ։ Դաշինքի արտաքին քաղաքականության գերակայությունն է Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրումը։ «Մենքը» Եվրասիական տնտեսական միությունը համարում է անարդյունավետ կառույց։

«Ազատության» հարցին՝ հաջողվե՞ց իրենց համոզել բնակիչներին, որ իրենց առաջարկած քաղաքական ուղղությունն է ճիշտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները, մասնավորապես Գավառի, Մարտունու տարածաշրջանի, ապրում են Ռուսաստանում արտագնա աշխատանքով, դաշինքի երկրորդ համարը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի ասաց, որ իրենք հակառուսական քարոզչություն չեն իրականացնում, հակառակը՝ իրենք կողմնակից են հայ-ռուսական հարաբերությունների բարելավվմանը։

«Հայ-ռուսական հարաբերությունները «Մենք» դաշինքից բացի, մնացած քաղաքական ուժերը չեն ասում, որ պետք է բերվի նույն հարթության վրա, և մենք հակառուսական քարոզչություն չենք անում։ Հակառակը, ասում ենք, որ մեր ռուս բարեկամներին պետք է հորդորենք և պահանջենք, որ հայ-ռուսական հարաբերություններում նաև արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացու իմ շահը, Ձեր շահը, մեր բարեկամների շահը պետք է հարգվի։ Չի կարելի անընդհատ փորձել իմիտացիա ստեղծել, որ մենք հայ-ռուսական հարաբերություններին դեմ ենք։ Ավելին, մենք ասում ենք, ի տարբերություն բոլորի, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է փրկել: Ավելին, մենք մյուսների նման չենք կռանում և չենք ծամծմում մեր մոտեցումների մեջ և ասում ենք՝ հայ-ռուսական հարաբերություններում իրավահավասար և Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը պաշտպանող, օրենսդրությունից բացի, նաև հայ-ռուսական հարաբերությունների բարեկամության 97 թվի պայմանագրի պահաջատերը և իրավատերը պետք է լինենք», - նշեց Խաչատուր Քոքոբելյանը։

«Մենքը» վստահության քվե ստանալու դեպքում խոստանում է նվազեցնել նաև գազի սակագինը 30 տոկոսով։ Դաշինքի քարոզարշավը սկսվեց Սևանից և ավարտվեց Վարդենիսում։

Դաշնակցությունից Սևանում ընտրողների հետ հանդիպմանը ելույթ ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։ Նա մանրամասնեց, թե ինչու պետք է քվեարկեն Դաշնակցության օգտին և ինչու չպետք է քվեարկեն մյուս քաղաքական ուժերի օգտին։ Ըստ նրա, նախկին իշխանություն Հանրապետական կուսակցությունը, որը նույնպես մասնակցում է ընտրություններին, ընդդիմության փորձ չունի, իսկ մյուս ուժերը դաշինքներ են եղել և տրոհվել են, իսկ գործող իշխանության օգտին, եթե նույնիսկ 80 տոկոս քվեարկեն, ապա միևնույն է նա պետք է ունենա 67 տոկոս ներկայացվածություն Ազգային ժողովում, ըստ այդմ, ՀՅԴ ներկայացուցիչը հորդորում է, որ քվեն տան Դաշնակցությանը։

Նա, որպես Դաշնակցության առավելություն նշեց այն, որ իրենք առաջարկում են սոցիալական արդարություն, ինչը մյուս քաղաքական ուժերը չեն առաջարկում։

«Այս ընտրությունները, որ տեղի են ունենում նոր Սահմանադրության համաձայն, չի լինելու խորհրդարանում որևէ ուժ, որ մենակով կարողանա ունենալ 2/3-ից ավել։ Դրա համար այսօրվա իշխանության քվեների մի մասը իրականում փոշիանալու է, որովհետև 80 տոկոս հենց ստանան, իրականում խորհրդարանում ներկայացված պիտի լինեն ընդամենը 67 տոկոսով։ Դրա համար էլ կարիք չկա հավելյալ ճիգ անել և ձեր քվեն տալ իշխող կուսակցությանը։ Նախորդ իշխանության մասին էլ չեմ ասում, չեմ կարծում՝ շատ կարոտել եք։ Քվեարկելու անհրաժեշտություն չկա իրենց, որովհետև իրենք իրականում Հայաստանի անկախության և անկախացման առաջին օրվանից միշտ եղել են իշխանություն, ընդդիմություն լինելու փորձ չունեն։ Հիմա խոսում են, որ իրենք ընդդիմադիր դիրք ունեն, ուժեղ ընդդիմադիր կլինեն, բայց իրենք ընդդիմադիր լինելու փորձ չունեն։ Մյուս ուժերը, ովքեր մինչև հիմա խորհրդարանում ներկայացվել էին, մեզ հետ էին։ Եղել են դաշինք, դաշինքը կիսվել է երկուսի, էդ կիսվածը էլի կիսվել է երկուսի։ Ճիշտ է՝ երեք կուսակցություններ էին, բայց երեք կուսակցությունները միասին չկարողացան երկու տարի դիմանալ», - նշեց Կիրո Մանոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG