Մատչելիության հղումներ

Եվրոպայի ամենառազմականացված երկիրը Հայաստանն է․ BICC զեկույց


Հայաստանը աշխարհի 10 ամենառազմականացված երկրների ցանկում երրորդ, իսկ Եվրոպայում՝ առաջին հորիզոնականում է: Այս մասին է վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ BICC-ի զեկույցը:

Փաստաթղթի հեղինակները զեկույցը կազմելիս բացի սեփական աղբյուրներից օգտվել են նաև Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2017 թվականի տվյալներից:

Այսպիսով՝ համաշխարհային ռազմականացվածության սանդղակում Հայաստանը աշխարհի 155 երկրների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Ռուսաստանը, Հարավային Կորեան, Հորդանանը հաջորդում են Հայաստանին: Տասնյակը փակում են Կիպրոսը, Հունաստանը, Բրունեյը և Բելառուսը:

Հայաստանը, որի ռազմական ծախսերը, ինչպես նշված է փաստաթղթում, կազմում են երկրի ՀՆԱ-ի 6․4 տոկոսը, իսկ 1000 հոգուն բաժին ընկնող զինվորականների թիվը 6.1 է, ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, ապա Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը:

Զեկույցի հեղինակները այս պատկերը ստացել են հիմնվելով մի շարք չափորոշիչների վրա՝ ռազմական ծախսերի համար հատկացվող գումարի չափը ՀՆԱ-ի համեմատ, զինված ուժերի թվակազմը և պետության ունեցած ծանր սպառազինության քանակը:

BICC-ի փորձագետները Հայաստանի ռազմականացվածության հանգամանքը պայմանավորում են Ղարաբաղյան հակամարտությամբ:

«Չնայած 2016ին ապրիլին բռնությունների սրացմանը հաջորդած հրադադարի շուրջ բանակցություններին, այդուհանդերձ վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգությունը շարունակվել է, արձանագրվել է նաև հարձակում ադրբեջանական անօդաչու սարքի կիրառմամբ: Այդ պատճառով այս տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է, իսկ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են հսկայական միջոցներ հատկացնել զինված ուժերին», - ասվում է զեկույցում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն իր ռազմականացվածության ցուցիչով վերջին տարում սկսել է նահանջել՝ 8-րդ հորիզոնականից իջնելով 12-րդ:

Տարածաշրջանի երկրներից առաջին տասնյակում է հայտնվել միայն Հայաստանը: 155 երկրների շարքում Ադրբեջանը 12-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 20-րդ, Իրանը՝ 22-րդ, իսկ Վրաստանը` 52-րդ:

Աշխարհի ամենառազմականացված երկիրը տարիներ շարունակ համարվում է Իրանի, Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ փաստացի հակամարտության մեջ գտնվող Իսրայելը, որտեղ 8 միլիոն երեք հարյուր հազար բնակչությունից 176 հազարը գործող զինվորական է, 465 հազարը պահեստային, ծանր սպառազինությունը անցնում է 9300-ը:

Տասնյակում հայտնված Հունաստանի և Կիպրոսի ռազմականացվածության բարձր մակարդակը բացատրվում է հարևան Թուրքիայի հետ բազմամյա տարաձայնություններով:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, Մոսկվայի վարած քաղաքականության՝ մասնավորապես Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական գործողությունների, Ղրիմի բռնակցման, Սիրիայում Ասադի ռեժիմին ռազմական աջակցություն ցուցաբերելու պատճառով Եվրամիության 28 երկրներից 25-ում ռազմական ծախսերի աճ է արձանագրվել, մինչդեռ վերջին տարում Ռուսաստանը, որը տակավին համարվում է ամենառազմականացված երկրներից մեկը՝ ավելի քիչ միջոցներ է հատկացրել զինված ուժերին, քան նախորդ տարիներին:

Եվրոպական մայրցամաքի ռազմականացման աճի միտումը պայմանավորված է նաև Վաշինգտոնի ճնշումներով, որը փորձում է ստիպել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին անմասն չմնալ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ծախսերը մեծացնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG