«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի և ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանի բանկային պահատեղիներից հայտնաբերվել ու առգրավվել են խոշոր չափերով գումար և ոսկու ձուլակտորներ», - այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
«Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել գործով մեղադրյալ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի բանկային հաշիվներում առկա՝ ընդհանուր 272 900 ԱՄՆ դոլար գումարի, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու բնակարանների, Կոտայքի և Շիրակի մարզերում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև շարժական գույքի վրա: Վերջինիս անհատական բանկային պահատեղիներից առգրավվել է 30 000 ԱՄՆ դոլար, 15 000 եվրո, թվով 31 հատ 999,9 հարգի ոսկու ձուլակտորներ և զարդ՝ ընդհանուր շուրջ 500 գրամ քաշով, ինչպես նաև՝ ընդհանուր թվով 39 հատ տարբեր չափերի ոսկե և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։
Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը այսօր «Ազատության» հետ զրույցում չցակացավ արձագանքել Քննչական կոմիտեի հաղորդագրությանը՝ պատճառաբանելով, թե ծանոթ չէ դրան:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Արա Մինասյանը 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանցակցությամբ փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ առերևույթ հափշտակել է պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարներ, որոնք հատկացված էին պետության կողմից ցուցաբերվող անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման համար: Նախաքննական մարմնի ներկայացմամբ, վնասի չափը կազմում է 426 միլիոն 343 հազար 650 դրամ։
Մոտ մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն մեղադրանք էր ներկայացրել Արա Մինասյանին՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում:
Հանրապետական կուսակցության առաջնորդի խնամին ցայսօր հայտնաբերված չէ:
Արա Մինասյանը Վատիկանում Հայաստանի այլևս նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է, ում անունը կապվում է հայաստանյան մի շարք խոշոր ընկերությունների և խոշորագույն մեդիաընկերության հետ: