Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում համազգային բողոքի մասնակիցների պահանջները կյանքի են կոչվում


Ելիսեյան պալատը նահանջում է՝ ֆրանսիայում շաբաթներ շարունակվող համազգային բողոքի ակցիաների մասնակիցների պահանջները կյանքի են կոչվում:

Երկրի երկրի վարչապետը այսօր հայտարարեց դիզվառելիքի հարկերի ավելացման աղմկահարույց նախագիծը ժամանակավորապես սառեցնելու մասին: Սա երկրում երեք շաբաթ շարունակվող բողոքի գործողությունների մասնակիցների՝ այսպես կոչված դեղին ժիլետավորների հիմնական պահանջներից մեկն է:

Ֆրանսիայում դեղին ժիլետը մեքենայում գտնվող պարտադիր իրերից է: Վթարային կանգառի պարագայում վարորդը պարտավոր է այն հագնել և հետո միայն լքել մեքենան:

Ֆրանսիական կառավարության ղեկավար Էդուարդ Ֆիլիպը այսօր նաև խոստացել է քայլեր ձեռնարկել երկրում սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ ընթացիկ ձմեռանը իշխանությունը զերծ կմնա էլեկտրաէնեգիայի և գազի գների բարձրացումից:

«Պետք է կույր և խուլ լինել, որպեսզի չլսել ժողովրդի ցասումը: Ես հասկանում եմ նրա ուժն ու լրջությունը: Այդ ցասման հիմքում խորը անարդարությունն է», - ասել է Էդուարդ Ֆիլիպը:

Վարչապետ Ֆիլիպի այս կարեկցանքի խոսքերը, մինչդեռ, հնչում են առնվազն երեք շաբաթ ուշացումով։ Էմանյուել Մակրոնի վարչակազմը, որը վառելիքի հարկերի բարձրացումը պայմանավորում է շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարով, բողոքի գործողություններին արձագանքում էր հանդարտության կոչերով, դատապարտում դրանք կամ պարզապես լռում:

Ավելի քան 20 օր ֆրանսիական տասնյակ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ՝ այդ թվում ծայրահեղական ուժեր, իշխանություններից պահանջում էին չեղարկել աղմկահարույց նախաձեռնությունը` պնդելով, որ հարկերի բարձրացումը կհարվածի առաջին հերթին միջին և ցածր խավի գրպանին:

Ցույցերին միացան ոչ միայն հարկային փոփոխություններից, այլև ընդհանուր առմամբ Մակրոնի քաղաքանությունից դժգոհ քաղաքացիները: Ֆրանսիայի նախագահի վարկանիշը վերջին շրջանում կազմում է ընդամենը 23 տոկոս:

1968 թվականից ի վեր Ֆրանսիայում ամենաավերիչ այս բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է չորս մարդ, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, մի քանի հարյուր հոգի, այդ թվում տասնյակ ոստիկաններ, վնասվածքներ են ստացել։ Սոցիալական հավասարության պահանջով ցույցերը հետզհետե վերածվեցին ապստամբության, որը վերահսկողությունից դուրս էր գալիս անգամ հազարավոր ոստիկանների ներկայության և անվտանգության ուժեղացված միջոցառումների պարագայում:

Անցյալ հանգստյան օրերին ծխի, ավերակների մեջ կորած Փարիզի կենտրոնական փողոցները պատերազմական տեսարան էր հիշեցնում: Ոստիկանները արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ էին կիրառում քարերով իրենց վրա հարձակվող, Ելիսեյան դաշտերում բարիկադներ այրող մոլեգնած ցուցարարների դեմ: Սակայն այդքանով հանդերձ ֆրանսիացիները մեղադրում էին ոչ թե ապստամբության և անկարգությունների մասնակիցներին, այլ իշխանություններին, որոնք իրենց լռությամբ նպաստում էին օր-օրի սրվող բողոքի գործողություններին։

Վերջին տարվա ընթացքում Ֆրանսիայում դիզվառելիքը, որից ամենաշատն են օգտվում վարորդները, թանկացել է շուրջ 23 տոկոսով, լիտրի արժեքը կազմում է 1,51 եվրո, ինչը ռեկորդային է 2000-ականների սկզբներից ի վեր: Եվս մեկ թանկացում ֆրանսիացիները չհանդուրժեցին: Մինչդեռ Մակրոնը շարունակում է պնդել, որ վառելիքի հարկերի ավելացումը կնպաստի էկոլոգիապես մաքուր վառելիքի ստեղծմանը, ինչպես նաև կնվազեցնի երկրի կախվածությունը նավթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG