Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը անդրադառնալով այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով։
Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կիրակի օրվա ելույթից պարզ դարձավ, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է, և պատճառը դաշինքի գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի շուրջ համաձայնության բացակայությունն է:
Ըստ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն առաջարկել է և ինքն էլ համաձայնել է՝ գագաթնաժողով չանել, աշխատանքային կարգով քննարկել լուծումը, որից հետո պատրաստի լուծմամբ գնալ գագաթնաժողովի: